Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով եւս 31 անհետ կորած զինծառայողի ընտանիքի օրերս հատուցում տրվեց: «Ալիք մեդիա»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամից: Այսպիսով, մարտի 18-ի դրությամբ անհայտ կորած ընտանիքների շահառուների թիվը 1164 է: Շահառուների անուններով բացվել են հաշվեհամարներ «ՎՏԲ Հայաստան» բանկում եւ կատարվել փոխանցումներ, ընտանիքները ստանում են ամսական 300 հազար ՀՀ դրամ:
«Կամուրջ» ծրագրով հիմնադրամը հատուցումներ է տալիս նաեւ վիրավոր զինծառայողներին, ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է առաջին կամ երկրորդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը: Մարտի 1-ի դրությամբ հատուցում ստացող այդպիսի զինծառայողների թիվը 118 էր: