Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։
Նախարարությունից տեղեկանում ենք, որ օժանդակության ծրագրերն են՝ Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծումն ու Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի ու ոռոգման համակարգի կառուցումը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը նշել է, որ թեեւ այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը եւ մարդկանց կյանքի եւ կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարեւորում է Ճապոնիայի կառավարությունը։