ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջություն է մաղթել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ի պատասխան իր հասցեին հնչեցրած նրա վիրավորական խոսքերի: Պուտինն այդ առիթով արտահայտվել է մանկական հանգախաղի հանգույն՝ «Ով ինչ ասի՝ իրեն կասի»: ՌԴ առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի վերնախավում շատ են ազնիվ ու պարկեշտ մարդիկ, և Մոսկվան հենվելու է նրանց վրա:
ՌԴ նախագահ նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կառուցել միայն Վաշինգտոնին հարմար պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը կաշխատի միայն իր համար բարենպաստ պայմաններով:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ հետ հարաբերություններում Ռուսաստանը առաջնորդվելու է այն համոզմամբ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «միանշանակ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ»։ Նա Պուտինի հասցեին Բայդենի խոսքերը «շատ վատ արտահայտություններ» է անվանել։
Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Մոսկվա` Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների վերանայման եւ խորհրդակցությունների համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Վլադիմիր Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտելու համար»: Ըստ ԶԼ միջոցների պնդման՝ Բայդենը Ռուսաստանի նախագահին «մարդասպան» է անվանել: Պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյո՞ք նա իր ռուս գործընկերոջը «մարդասպան» է համարում՝ Բայդենը նշել է, որ դա իր տեսակետն է:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին չի մեկնաբանել հարցը, թե արդյոք Պուտինի մասին Բայդենի խոսքերը փոխաբերական իմաստ ունեն։ Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահն վաղօրոք հայտարարել էր, որ դիրքորոշում արտահայտելիս իրեն «չի զսպի» ո՛չ ռուսական ղեկավարության հետ ուղիղ շփումների ընթացքում, ո՛չ էլ հրապարակային գնահատականներում: