Ամեն տարի մարդկությունը միլիարդավոր տոննա բնական պաշարներ է օգտագործում իր կարիքների բավարարման համար: Այդ պաշարների մեծ մասը վերականգնվող չէ, կամ դրանց վերականգնման համար բազում տարիներ են պետք: Ուստի չափազանց կարեւոր է թափոնների վերօգտագործումը՝ դիտարկելով դրանք որպես ռեսուրս, ոչ թե աղբ:
Վերջին տասնամյակներում բնական պաշարներն ավելի մեծ թափով են օգտագործվել՝ հանգեցնելով այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստները: Դրանք էլ իրենց հերթին հանգեցրել են աղքատության մակարդակի բարձրացման, տեղահանման, աշխատատեղերի կորուստների, լեռնազանգվածների ու բնական էկոհամակարգերի անհետացման:
Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում ինչ գնել եւ ինչքան: Օրինակ, խանութներում մեզ, որպես կանոն, ապրանքը տեղավորելու համար մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներ են առաջարկում, որոնք դժվար են ենթարկվում կենսաբանական քայքայման եւ կուտակվում են աղբավայրերում, անձրեւն ու քամին էլ դրանք տարածում են՝ աղտոտելով լանդշաֆտները, վնասելով կենդանիների առողջությանը:
Փոխարենը մենք կարող ենք խանութ գնալ մեր բազմանգամյա օգտագործման տոպրակով: Զարգացած երկրների փաթեթավորմանն է բաժին ընկնում ոչ արդյունաբերական կոշտ թափոնների մեկ երրորդը: Աշխարհի այլ ծագերում կյանքի որակի բարելավմամբ փաթեթավորման թափոնների ավելացում է ակնկալվում:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից 12-րդը միտված է սպառման եւ արտադրության կայուն մոդելների ապահովմանը՝ կոչ անելով երկրներին ու անհատներին մինչեւ 2030 թվականը անմիջական գործողություններ իրականացնել գլոբալ կանաչ օրակարգին աջակցելու համար:
Վերամշակումը շրջանաձեւ տնտեսության կարեւորագույն մասն է, որն օգնում է խնայելու մեր մոլորակի բնական պաշարները: Ամեն տարի «Յոթերորդ ռեսուրս»-ի (վերամշակվող նյութեր) վերօգտագործման շնորհիվ 700 միլիոն տոննայով կրճատվում են CO2-ի արտանետումները:
Կանխատեսվում է, որ մինչեւ 2030 թվականը, համապատասխան քայլերի ձեռնարկմամբ, կրճատված արտանետումների չափը կհասնի 1 միլիարդ տոննայի:
Իմ այցելած եվրոպական քաղաքներից թափոնների կառավարման իր մշակույթով աչքի է ընկնում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: Թափոնների կառավարումն այստեղ քաղաքի շրջակա միջավայրի պահպանության գլխավոր բաղադրիչն է: Աղբի կառավարումը նոր թափ է առել հատկապես 2002-ից, երբ գործի է դրվել քաղաքի աղբի այրման երրորդ գործարանը, ու մեկնարկել կենսագազի առաջին գործարանի կառուցումը: Վիեննայի բնակիչների գոյացրած կենցաղային աղբը այրման գործարանում վերածվում է մաքուր էներգիայի:
Ձեռնարկությունն աշխատում է ժամանակակից էկոլոգիական պահանջներին համապատասխան, կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ: Այստեղ այրվում են 250 հազ. տ կենցաղային աղբ ու թափոն: Գործարանն ունի աղբի ներբեռնման 12 կետ: 18 հազ. խմ ծավալով բունկերում աղբը ժամանակավորապես պահպանվում է, լավ խառնվում, հետո այրվում մոտ 1000 °C ջերմաստիճանում: Երբ աղբի ավելցուկ է լինում, այն փաթեթավորվում է ու պահեստավորվում՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Գործարանում արտադրվող ջերմային էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության ու բնակելի ֆոնդի ջեռուցման համար: Ավելի քան 50 հազ. բնակարան ջեռուցվում, եւ 25 հազ. տնային տնտեսություն ապահովվում են էլեկտրաէներգիայով: Այրման արդյունքում առաջացած զանգվածից առանձնացված մետաղն էլ վերամշակվելուց հետո օգտագործվում է շինարարական ու բարեկարգման նպատակներով:
Եվրոպական առնվազն 28 երկիր ու ԵՄ-ն ունեն թափոնների ծավալների կրճատման եւ դրանց գերակշիռ մասի վերամշակման օրենքներ: Օրինակ՝ ԵՄ-ն նպատակային ցուցանիշներ է սահմանել, համաձայն որոնց՝ մինչեւ 2025 թվականը կվերամշակվեն փաթեթավորման նյութերի 65, եւ 2030-ին՝ 70%-ը: Այս առումով առաջատարը Ճապոնիան է, որտեղ վերամշակում է թափոնների ավելի քան 90%-ը, եւ առաջիկայում ձգտում են հասնելու գրեթե անթափոն տնտեսության. վերօգտագործել թափոնների 98%-ը:
Մեր երկրում նույնպես սկսել են քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ. Երեւանի փողոցներում արդեն իսկ տեղադրված են տեսակավորման աղբամաններ, գործում են վերամշակման փոքր արտադրամասեր: 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքի վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը։
Վերամշակումը տնտեսության բաղադրիչ դարձնելով՝ մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ մեր եւ մեր սերունդների ապագայի, ինչպես նաեւ բնության պահպանության հարցում։
Բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում անմասն մնալ եւ պատրաստ են քայլեր կատարելու բնության պահպանության եւ մաքրման գործում, օրվա առթիվ Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական քարոզարշավը։ Այս արշավը կարող է խթանել բնության եւ ջրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, սեւեռել հանրության ուշադրությունը խնդրի եւ դրա լուծման ուղիների հայտնաբերման վրա:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։