Լրանում է ուղիղ չորս ամիսը, որ ամեն ուրբաթ «Ալիքում» հրապարակվում է իմ հերթական հոդվածը։ Եվ ամեն հինգշաբթի առավոտվանից համեստ հեղինակս սկսում է շարադրել այն։ էս չորս ամսվա ընթացքում չի եղել, որ թեմաների դժվար ընտրություն կատարեմ, որովհետեւ, չնայած բուռն իրադարձություններին, միշտ էլ ինձ համար որեւէ հրատապ արձագանքման խնդիր տեսել եմ։ Հիմնականում, ինչպես երեւի նկատել են իմ ուշադիր ընթերցողները, անդրադառնում եմ տգետ օրինագծերին, իշխող ուժի ներկայացուցիչների կամ այլ պատգամավորների անհեթեթ, ներողություն բառիս համար՝ մտքերին։
Նախորդ հոդվածից հետո անցած յոթ օրը բացառություն էր։ Էնքան տգիտություն դուրս հորդեց խորհրդարանից (եւ ոչ միայն), որ մարդ չի իմանում որին անդրադառնա. Ալեն Սիմոնյանի «մեծահոգությա՞նը», որ համաձայնել է իր նախագծում կրճատել զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցումների վերին շեմը, մարդու իրավունքների պաշտպանին ամեն կերպ ճնշելու իշխանության փորձերի՞ն, ԳՇ պետի շուրջ նույն իշխանության ստեղծած իրավական անհեթեթությունների՞ն, մանկապարտեզում ճաշիկն ուտելուց անմիջապես հետո արդարադատության նախարարի աթոռին բազմած Ռուստամիկի՝ «…կառավարման երեք տարիների ընթացքում բազմաթիվ դրական փոփոխություններ են կատարվել, որոնց համար հասարակությունը հիմա իրենց ձայն կտա» «դարակազմիկ» արտահայտությա՞նը, թե՞, ասենք, «ընտրություն-չընտրություն» նիկոլական «տունտունիկին»։
Բոլորն էլ արձագանքի արժանի թեմաներ են։ Այսուհանդերձ, որոշեցի առանձնացնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանգամայն հավասարակշիռ եւ իրական ելք առաջարկող հայտարարությանն ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորների բարձրացրած հիստերիային։
Բայց մինչ այդ, ստիպված եմ փաստել, որ նրանց ասածները եւս մի անգամ ապացուցեցին, որ խորհրդարանի ամենամեծ, այս պահին 82 պատգամավոր ունեցող (մեկ տեղ թափուր է) խմբակցությունը չունի ոչ մի անհատականություն։ Նրանք բոլորը երկու դեմք ունեն. «ադաբրյամսի» դեմք, երբ խոսում է իրենց «հանճարեղ առաջնորդը», եւ «ասուժդամսի» դեմք, երբ հանկարծ ինչ-որ մեկը փորձում է կասկածել իրենց սիրելի առաջնորդի «հանճարեղությանը»։
Ահավասիկ, «ֆա՛ս» հրահանգից հետո արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը, Հերիքնազ Տիգրանյանը, իմ «ամենասիրելի» հերոս Հովիկ Աղազարյանը, էլի մի քանի հոգի համարյա նույն բառերն են «աղացել»։
Եթե ես ոչ թե լրագրող լինեի, այլ սովորական ֆեյսբուքյան օգտատեր, ապա ո՜նց կարձագանքեի, ո՜նց կարձագանքեի այդ, ներողություն, պատգամավորներին։
Օրինակ, երբ Ալեն Սիմոնյանը առաջին նախագահի հայտարարությունը «անհեթեթություն» է անվանում, անմիջապես մի ստատուս կգրեի. «ամենամեծ անհեթեթությունը Ալեն Սիմոնյանի նման տգետի՝ ԱԺ փոխնախագահ դառնալն է»։ Բայց ախր լրագրողական էթիկայի կանոնների եմ դավանում, ինձ հարիր չի մարդուն, անգամ եթե դա Ալեն Սիմոնյանն է, վիրավորել ու «Ալեն Սիմոնյանի նման տգետի» արտահայտություն գրել, մանավանդ վախենում եմ, որ հանկարծ վիրավորանքի հայց կներկայացնի դատարան։ Վախկոտի մեկն եմ, ինչ խոսք։
Կամ երբ նույն «անհեթեթություն» բառը արտասանում է Արփի Դավոյան անունով պատգամավորուհին, ուզում եմ ասել, «Տիկին, ձեր գոյությունը խորհրդարանում փաստում է, որ Սովետը չի մեռել։ Ինչպես Սովետում էին քվոտայով դեպուտատ դարձնում X կոլտնտեսության առաջավոր կթվորուհի Գյուլիզար Բախտիյարովային, որպեսզի նա անհրաժեշտ պահին ձեռք բարձրացնի կամ հարձակվի Սախարովի վրա, հիմա էլ ձեզ են բերել խորհրդարան։ Բայց Գյուլիզար Բախտիյարովան գոնե Գերագույն Խորհրդի նիստերից դուրս օգտակար գործ էր անում՝ ամեն կովից 3000 լիտր կաթ էր տալիս, իսկ ձեր ՕԳԳ-ն զրո է»։ Բայց սա էլ չեմ գրում, զի համոզված եմ, որ այդպես էլ չի հասկանալու՝ ինչ է ՕԳԳ-ն, ճիշտ այն «շիկահերի» նման, որ «Ինչքա՞ն է քո IQ-ն» հարցին պատասխանել էր «Երրորդ ռազմեր, ազիիիիիզզզզ»…
Ու մեկ էլ ահա՝ ասպարեզ է մտնում Հերիքնազ Տիգրանյան անունով «ԻՔ» — ականը։ Էլի անմիջապես ուզում եմ ստատուս գրել եւ ցույց տալ «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» նախկին աշխատակցուհու դեգրադացիան՝ կոռուպցիայի դեմ պայքարի «անխոնջ մարտիկից»՝ «Նիկոլի ուսապարկի» կամ ավելի ճիշտ «վահանի»։ Բայց դա էլ չեմ գրում, որովհետեւ երբ լսում եմ այսպիսի բառակույտ «… առաջին նախագահից, ում ես ունեի մեծ համարում, որպես խելացի գիտնականի…», հասկանում եմ, որ սույն տիկինը նույնիսկ հայերեն նախադասություններ կազմել չգիտի, էլ ո՞ւր մնաց, թե հոդաբաշխ միտք արտահայտի։ Եվ ինձ զսպում եմ, որովհետեւ եթե սկսեմ վերլուծել տիկնոջ նախադասությունները, ստիպված կլինեմ վիրավորել նրա հայոց լեզվի ուսուցչուհուն։ Իսկ դա անթույլատրելի է։ Համ էլ Տիգրանյանի նմանների համար հայոց լեզուն կարեւոր չէ, կարեւորը հնարավորինս ճապաղ խոսելն է, որ «ոշշշշշ մեկը չջոԳի, թե իրենք ինչ են ասում»։
Եվ վերջապես Հովիկ Աղազարյանը (սկզբում մատս սխալ տառի կպավ ու սույն պարոնի ազգանունը գրվեց ԱղԲազարյան, բայց շատ արագ ուղղեցի)։ Ձեռքերս ուղղակի քոր են գալիս, որ մի երկու սիրուն բառ գրեմ՝ հիշեցնելով իր «ադնառազվի» դաշնակցական լինելը։ Բայց դա էլ չեմ անում, կրակն եմ ընկել էթիկական սկզբունքներիս ձեռը։
Դե, ապշահարված Ռուբեն Ռուբինյանին էլ չանդրադառնամ, ինքն է ասել ամեն ինչ՝ գուցե եւ առանց հասկանալու, որ ապշել բայի արմատը ապուշն է։
Ու քանի որ հետգրությունները դարձել են իմ ուրբաթօրյա հոդվածների, բուն գրաբարով ասած՝ «բրենդը», այս անգամ էլ առանց դրա չավարտեմ։
Հ. Գ. – Միտումնավոր այս ոճով գրեցի, որպեսզի զանազան ու զարմանազան ալեններին (առանց «մյախկիզնակի»), նազհերիքներին եւ մյուսներին հակադարձեմ իրենց ոճով։ Թեպետ կասկածում եմ, թե կհասկանան, որովհետեւ եթե այդ 82 (մեղա, մեղա) պատգամավորներին գլխիվայր թափ տաս, գրպաններից ու այլ տեղերից միայն պարգեւավճարներ կթափվեն, իսկ ուղեղներից (ներողություն, որ չեղած բան հիշատակեցի) միտք (հազար ներողություն՝ միտք հասկացությանը վիրավորելու համար)՝ ոչ մի կաթիլ։
Հ. Հ. Գ. – Արդեն սեղմում էի «ուղարկել» կոճակը, որպեսզի հոդվածը հասցնեմ խմբագրություն, հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կլինեն, եւ հայտնվեց նաեւ առաջին արձագանքը, բնականաբար Ալեն Սիմոնյանից. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է հավաքելու մարզերում, այո, նաեւ Սյունիքում…»։ Չէ, սրանց ցինիզմը սահմաններ չի ճանաչում, ու առաջիկայում այս ցինիկներին իրենց տեղը ցույց տալու լիքը գործ ենք ունենալու։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։