Կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով (կադաստրային արժեքով) «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին օտարելու նախագծին:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում կլինեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ:
Ներդրողն իրականացնելու է նաեւ դպրոցի, մանկապարտեզի եւ/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ եւ արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:
Նախարարը նշեց, որ այդտեղ առաջիկա 5 տարում կկառուցվեն 18 բնակելի եւ մեկ հասարակական շենք: Կկանաչապատվի տարածքի մոտ 40 տոկոսը: ՀՀ պետական բյուջե կմուտքագրվեն ընդհանուր առմամբ շուրջ 1.6-2.7 միլիարդ դրամի հարկեր:
Կառավարությունը որոշեց Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրի 3,3 հա մակերեսով հողամասը օտարել կադաստրային արժեքով՝ 150.531.576 դրամով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։