Երեկ կեսօրից մի վերնագիր էր թափառում մեդիա տիրույթում՝ «Հայտնի է՝ երբ հրաժարական կտա վարչապետը»։
Հայտնի չէ, սակայն, ինչո՞ւ է հրաժարական տալիս։ Չէ, լուրջ, ես իսկապես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։
Եթե ճիշտ եմ հասկանում «հրաժարական» բառի իմաստը, նա այդ բանը պետք է արած լիներ ամենաուշը 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ խորապես զղջալով եւ ներում հայցելով իր ղեկավարած երկիրն անհեռանկար պատերազմի մեջ ներքաշելու համար։
Պետք է խոստովաներ, որ ինքն անձամբ ձախողվել է։ Շեշտում եմ «անձամբ»-ը, որովհետեւ վերջին երեք տարում Հայաստանում քաղաքական ու պետական կազմակերպվածք չի եղել։
Հենց կազմակերպվածք, ստրուկտուրա, որտեղ ամեն մեկն ունի իր գործառույթն ու ամեն մեկն այդ գործառույթով հակակշռում է մյուսին։ Հակակշիռ չէին ու չեն նաեւ խորհրդարանում պատգամավոր աշխատող ընդդիմադիրները։
Եթե «հրաժարական» բառն այլ իմաստ ունի, ուրեմն այո՛, հունիսի 20-ին կլինեն արտահերթ ընտրություններ, եւ, քանի որ իրեն հարգող քաղաքական ոչ մի ուժ առաջադրված պայմաններով չի մասնակցի այդ միջոցառմանը, դա կլինի մեր պարտության եւ նվաստացման փառահեղ վերամեկնարկը (restart)։
Բաղրամյան պողոտայի անմիտ «օկուպացիան» հանդուրժելու ժողովրդավարությունը եւ թավիշը փշապատելու ժամանակավրեպ խոստումը նույնքան են ապագա ամեն կողմից «գել-հարամիով» շրջապատված մեր երկրի համար, որքան հանրապետությունների համարակալումն ու ամեն հաջորդը նոր էջից սկսելու պաթոլոգիան։
Եթե Հայաստանում ընտրություն պետք է լինի, դա չպետք է նշանակի քաղաքական վերնախավերի վերադասավորում, կամ որ ավելի սարսափելի է՝ վերարտադրում։
Մեկ ընտրություն ունենք՝ վերահաստատել Հայաստանի անկախությունը։
Չեք մոռացել, չէ՞, որ այս տարին հոբելյանական է։ Մի բան, որի հիշատակումից անգամ սարսափում է այս իշխանությունը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։