Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Եվրամիությունը սառեցրել է թուրքական նավթային կորպորացիայի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման ծրագրերը:
Անցած տարվա դեկտեմբերին, Միջերկրածովյան արեւելյան վիճելի տարածքներում բնական գազի պաշարների հետազոտման նպատակով թուրքական կորպորացիայի չթույլատրված հորատման աշխատանքները նկատի ունենալով, ԵՄ առաջնորդներն առաջարկել էին սառեցնել թուրքական նավթային կորպորացիայի ղեկավարների ակտիվներն ու վերջիններիս արգելել մուտք գործել Եվրամիության երկրներ:
ԵՄ-ն համաձայնել էր մարտի 25-26-ը կայանալիք գագաթաժողովին քննարկել առավել խիստ տնտեսական պատժամիջոցներ:
Սակայն այս տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առավել կառուցողական մոտեցումը, հաշտեցման շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը եւ վերջին հինգ տարում հին թշնամիների՝ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ անցկացված ուղիղ բանակցությունները նպաստեցին տրամադրությունների փոփոխմանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես Բրյուսելին կոչ արեց ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵՄ անդամության թեկնածու Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չկիրառել, մանավանդ, որ վերջինս փոխզիջումների նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսեւորում: Դրանում ամերիկյան եւ եվրոպական դիվանագետները համամիտ էին:
«Թուրքական պաշտոնյաների դեմ լրացուցիչ սեւ ցուցակների վրա աշխատանքը դադարեցվել է, եւ մենք արդեն չենք խոսում տնտեսական պատժամիջոցներից»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:
Եվրամիության մեկ ուրիշ դիվանագետ էլ հայտարարել է, թե սեւ ցուցակների վրա աշխատանքը «իրականում երբեք չի էլ սկսել», մյուսն էլ նշել է, որ «դիվանագիտական ճանապարհն առաջնահերթություն է»:
ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել պատժամիջոցների վերաբերյալ տեղեկությունը: