Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետեւանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների վրա ադրբեջանական ուժերի կողմից բռնություն գործադրելու, ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս նրանց խոշտանգումների ենթարկելու մասին՝ Ադրբեջանին հորդորելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին եւ անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Ադրբեջանը նաեւ պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։
Կազմակերպությունը զրուցել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց եւ այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսեւորումները, պատմել երկար եւ պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել է, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել է իրենց էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել է, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:
«Բռնությունների եւ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռեւս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները նոր խոշտանգումների ենթարկվելու վտանգի տակ են: Ադրբեջանի իշխանությունները պետք է վստահեցնեն, որ հայ ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները, ովքեր դեռեւս անազատության մեջ են, ունեն այն պաշտպանությունը, որը ենթադրում են միջազգային մարդու իրավունքներն ու հումանիտար օրենքը, որոնք ենթադրում են խոշտանգումների ու բռնությունների բացառում»,- շեշտել է Human Rights Watch-ը:
«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում եւ խոշտանգումները նողկալի են եւ համարվում են պատերազմական հանցագործություն»,- նշել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը՝ ընդգծելով, որ նմանօրինակ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ դատապարտվեն: