Ըստ Արմենպրեսի՝ Նովրուզին ընդառաջ Հայաստանն սկսել է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին: Թեպետ համավարակով պայմանավորված այս տարի Իրանից եկող այցելուների թիվը մեծ չէ, սակայն կան առաջին խմբերը՝ հիմնականում ընտանիքներ, նախորդ տարիների համեմատ՝ ավելի կարճաժամկետ՝ 3-5 օրով: Իրենց տոնը Հայաստանում նշել ցանկացողների հիմնական մասը նախընտրում է հանգիստն անցկացնել Երեւանում, երբեմն գնում են Գառնի, Գեղարդ, ձյունառատ ժամանակ՝ Ծաղկաձոր՝ դահուկային սպորտով զբաղվելու:
Երեւանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի ստեղծած խոչընդոտներին հակառակ այս տարի Նովրուզի տոնակատարությունների շրջանակում Հայաստանում ակնկալվում է իրանցի զբոսաշրջիկների որոշակի հոսք:
Օրբելյանը հայտնել է, որ Երեւանում իրանցի զբոսաշրջիկների տեղորոշման իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, մարտի 20-25-ին ի ամենօրյա գրաֆիկով Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման կենտրոններում զբոսաշրջիկներին անվճար կտրամադրվեն պարսկերեն եւ անգլերեն քարտեզներ, որտեղ ներկայացված կլինեն մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձանները, թանգարանները, ցուցասրահները, ռեստորանները, խանութ-սրահներ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկներին գրավելու համար պետք է ագրեսիվ մարկետինգային քաղաքականություն իրականացվի իրանական շուկայում, ներկայացվեն գրավիչ փաթեթներ:
«Պետք է ցույց տանք, որ կորոնավիրուսի հետ կապված անվտանգության միջոցնառումները մեզ մոտ ապահովված են: Եվ այդ աշխատանքը ոչ միայն Իրանի շուկայի համար է, աշխարհում էլ տեսնում են, որ մարդիկ գալիս են: Դա կարող է ազդակ լինել մյուս շուկաների համար»,- նշել է Ապրեսյանը:
Ալիք Մեդիա — Զբոսաշրջության վերածնունդն, ինչ խոսք, կարեւոր է տնտեսության զարգացման համար, սակայն պարզ չէ, թե հյուրեն ինչպե՞ս են մուտք գործում Հայաստան եւ ի՞նչ երաշխիք կա, որ նրանք չեն դառնա կորոնավարակի նոր աղբյուր։