ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 80 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:
«Նախագիծն ընդունվելու դեպքում առաջարկվում է, որ արդարադատության նախարարից, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին կարող են դիմել քաղաքացիները։ Այս դեպքում քաղաքացու դիմումն ինքնին, առիթ է լինելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ում քննելու համար»,- նշել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը
Փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաեւ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ, ինչպես նաեւ լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով, դատարանի կազմից ընտրել 3 դատավորների, որոնց միջեւ կբաշխվեն առանձնակի բարդություն ունեցող գործերը։
Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ ԲԴԽ–ն լիազորություն կունենա գործը վերցնել այն դատավորներից, որոնք նման գործեր իրենց մոտ քննելու անհրաժեշտ հմտություններ չեն դրսեւորել։
Նախագծերի փաթեթը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է անցկացնել այսօր: