Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում Astrazeneca պատվաստանյութով նախօրեին պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրն այսօր Թբիլիսիում մահացել է:
Թբիլիսի տեղափոխվելուց հետո բուժքրոջ սիրտը մեկ անգամ կանգ էր առել, այդ ժամանակ բժիշկներին հաջողվել էր նրան փրկել: Բժիշկները վիճակը ծայրահեղ ծանր էին գնահատել:
Սա Վրաստանում Քովիդ-19 դեմ պատվաստման շրջանակում առաջին լուրջ կողմնակի ազդեցությունն էր: Երկրում 2000-ից ավելի բուժաշխատող արդեն պատվաստվել է, մի մասի մոտ ջերմություն ու ընդհանուր թուլություն է նկատվել, բայց մասնագետների կարծիքով` անհանգստանալու առիթ չկա:
Վրաստանում պատվաստումը տարվում է «Աստրազենեկա» պատվաստանյութով. պետությունը գնել է 43.200 չափաբաժին, որը ծրագրում է իրացնել 2 շաբաթվա ընթացքում:
Նշենք նաեւ՝ Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները որոշել են վերսկսել AstraZeneca պատվաստանյութի գործածումն` այն բանից հետո, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) այն անվտանգ է ճանաչել:
Աղբյուր՝ aliq.ge