Կաթոլիկ աշխարհն այսօր նշում է Հովսեփ Աստվածահոր տոնը, որ չունի նույն ժողովրդականությունը, որն ունեն Մարիամ Աստվածամոր նվիրված տոները: Եկեղեցին, այնուամենայնիվ, նշում է այս տոնը՝ Սուրբ Հովսեփին նվիրված սակավաթիվ շարականներով եւ ծիսական ավանդույթներով, որ ավանդվել են շատ հնուց: Հովսեփը, ավետարանիչների վկայությամբ, ուղիղ գծով սերում է Դավիթ արքայի տոհմից։ Ապրել է աղքատության մեջ Նազարեթ քաղաքում եւ զբաղվել ատաղծագործությամբ։
Հովսեփը նշանադրված էր Կույս Մարիամի հետ։ Ըստ Մատթեոսի ավետարանի, Աստվածածնի ավետումից հետո որոշ ժամանակ անց նրան երազում երեւում է Գաբրիել Հրեշտակապետը։
Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Հովսեփ Աստվածահոր տոնը նշում է երկու անգամ՝ մարտի 19-ին եւ մայիսի 1-ին. վերջին օրը նշվում է իբրեւ Սուրբ Հովսեփի, որպես բոլոր չարչարվողների հովանավորի օր:
Հայ առաքելական եկեղեցին իր տոնացույցում նույնպես անդրադառնում է Աստվածահորը. հոկտեմբեր ամսին (փոփոխվող ամսաթվով) Սուրբ Հովսեփ Աստվածահայրը տոն ունի մեր տոնացույցում: