Ռուսաստանցիների 29% Ռուսաստանը համարում է եվրոպական, 64%-ը՝ ոչ եվրոպական երկիր: Դեռ 2019-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար 37% եւ 55% էին:
Սոցիոլոգիական հետազոտությունների «Levada» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանը եվրոպական երկիր համարողների թիվը 2008-ից ի վեր գրեթե կիսով չափ կրճատվել է՝ 52%-ից հասնելով 29%-ի:
Ռուսաստանը ոչ եվրոպական երկիր համարողների թիվն աճել է մոտավորապես նույն համամասնությամբ. 36%-ից հասնելով 64%-ի:
Ընդ որում, հարկ է նշել, որ Ռուսաստանը եվրոպական երկիր համարողներից շատերը ավագ տարիքային խմբերի՝ 55 տարեկան եւ ավելի տարիքի մարդիկ են, որոնց թիվը կազմում է 33%:
71% կազմող հակառակ տեսակետի կողմնակիցների մեջ ավելի երիտասարդ տարիքային խմբերն են՝ 18-24 եւ 25-39 տարեկանները:
Իրենց եվրոպացի համարող ռուսաստանցիների թիվը, թեեւ ոչ սրընթաց, այնուհանդերձ տարեցտարի նվազում է:
2008-ին ռուսաստանցիների 35%-ն իրեն եվրոպացի էր համարում, 2019-ին այդ ցուցանիշը կազմում էր 32%, իսկ 2021 արդեն՝ 27%: