Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ դաշնակից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է որակել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին եւ ողջունել Վլադիմիր Պուտինի պատասխանը։
«Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին: Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել եւ կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, որը հաճախ է աչքի ընկնում քաղաքական ընդդիմախոսների եւ օտարերկրյա պաշտոնակիցների հասցեին կոշտ հայտարարություններով եւ վիրավորական արտհայտություններով։
Էրդողանն ասել է, որ Պուտինը «շատ խելացի եւ շքեղ պատասխան է տվել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Վլադիմիր Պուտինը «պատասխան կտա ընտրություններին միջամտելու համար»: Ըստ ԶԼ միջոցների պնդման՝ Բայդենը Ռուսաստանի նախագահին «մարդասպան» է անվանել: Պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե արդյո՞ք նա իր ռուս գործընկերոջը «մարդասպան» է համարում՝ Բայդենը նշել է, որ դա իր տեսակետն է:
Իսկ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջություն էր մաղթել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ի պատասխան իր հասցեին հնչեցրած նրա վիրավորական խոսքերի: Պուտինն այդ առիթով արտահայտվել է մանկական հանգախաղի հանգույն՝ «Ով ինչ ասի՝ իրեն կասի»: ՌԴ առաջնորդն ասել էր, որ ԱՄՆ-ի վերնախավում շատ են ազնիվ ու պարկեշտ մարդիկ, և Մոսկվան հենվելու է նրանց վրա:
ՌԴ նախագահ նշել էր նաեւ, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կառուցել միայն Վաշինգտոնին հարմար պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը կաշխատի միայն իր համար բարենպաստ պայմաններով: