Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնում է, որ Միացյալ Նահանգների 37 սենատոր միացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետեւել Կոնգրեսին եւ ամբողջովին ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ավելի քան 50000 հոգի արձագանքել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ազգային կոչին՝ գրելով կամ զանգահարելով իրենց սենատորներին, որ նրանք էլ ստորագրեն Մենենդեսի նամակը։
Սենատոր Մենենդեսը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սենատը միաձայն բանաձեւ ընդունեց, որը հաստատում էր Հայոց ցեղասպանության պատմական փաստերը եւ հստակեցնում, որ Միացյալ Նահանգները պետք է կանխի ողբերգական ճշմարտությունը ժխտելու ջանքերը։ Նմանատիպ բանաձեւ 2019-ի հոկտեմբերի 29-ին գրեթե միաձայն ընդունել է նաեւ Ներկայացուցիչների պալատը։