Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունը երեկ իր նստավայրում ընդունել է լիբանանահայ Մարալ Նաջարյանին, որ Բաքվից մարտի 10-ին ազատ էր արձակվել՝ այնտեղ չորս ամիս գերության մեջ պահվելուց հետո: Լուրը հաղորդել է Լիբանանի նախագահական պալատը: Մարալ Նաջարյանը նախագահին պատմել է, որ գերեվարվել է Շուշի քաղաքում, երբ իր նշանածի՝ Վիգեն Ուլջեքջյանի հետ պատերազմի ավարտից հետո գնացել էին Շուշիի հյուրանոցներից մեկից վերցնելու Վիգենի իրերը: Նրանք Արցախ էին մեկնել վերաբնակեցման ծրագրով՝ պատերազմից շաբաթներ առաջ:
Հանդիպմանը ներկա է եղել նախագահ Միշել Աունի ռուսական հարցերով խորհրդական, նախկին պատգամավոր եւ Լիբանանում հայտնի գործարար Ամալ Աբու Զեյդը: Նշվել է, որ Մարալ Նաջարյանին գերությունից ազատելու գործում մի շարք կառույցների հետ դեր է ունեցել Ռուաստանը: Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Աունին՝ իր ազատման գործում Լիբանանի պետության միջամտության համար, նախագահը նշել է, որ ջանքեր են գործադրվում նաեւ Վիգեն Ուլջեքջյանին ազատ արձակելու ուղղությամբ: Վերջինիս Ադրբեջանը քրեական մեղադրանքներ է ներկայացրել. լիբանանյան նրա ծագումն օգտագործելով հայ տղամարդուն ներկայացրել են իբրեւ Ադրբեջանի դեմ հայերի կողմից կռվող վարձկան:
Նշենք, որ Մարալ Նաջարյանն ազատվելուց հետո ցանկություն էր հայտնել մեկնել իր ծննդավայրը՝ Լիբանան, ավելի ուշ լրագրողներին հայտնել էր, թե չի բացառվում, որ կրկին որոշի Հայաստան գնալ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։