Պատերազմը, կորոնավիրուսային համաճարակը քիչ ազդեցություն են ունեցել կամ, կարելի է ասել, չեն ունեցել սփյուռքահայ այն մասնագետների որոշման վրա, որոնք, արձագանքելով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «ի Գործ» ծրագրին, մտադրվել են Հայաստան գալ եւ աշխատել Հայաստանի պետական համակարգում: Այս կարծիքին են հանձնակատարի գրասենյակում. մեկ տարվա ընթացքում 19 երկրներից 52 սփյուռքահայ մասնագետ է Հայաստան եկել եւ արդեն աշխատում 19 տարբեր պետական գերատեսչություններում:
«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ»-ի մեկնարկը տրվեց 2020-ի գարնանը, ստացանք 800-ից ավելի հայտ: Քովիդ-19-ի պայմաններում մասնակիցների մեծ մասը հաղթահարեց փակ սահմանների արգելքն ու սեպտեմբերին ժամանեց Հայաստան: Ունեցանք մասնակիցներ, որոնք այստեղ եկան պատերազմի ընթացքում, սեփական միջոցներով: Հետպատերազմյան շրջանում եւս 9 սփյուռքահայ մասնագետ է միացել ծրագրին, մասնակցում է ՀՀ պետական համակարգի աշխատանքներին, ինչը, բնականաբար, ոգեւորում է մեզ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Մեկնարկել է «իԳործ» 2021-ը, որին արդեն դիմել է 80 սփյուռքահայ մասնագետ: Նրանք աշխարհի տարբեր երկրներից են՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, մի շարք եվրոպական երկրներից եւ Միջին Արեւելքից: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ինչպես տեղեկացանք, բազմաթիվ հարցումներ եւ դիտարկումներ է ստանում սփյուռքի բոլոր համայնքներից, ինչը ենթադրել է տալիս, որ ծրագրի մասին տեղեկությունն ամենահեռավոր երկրներ է հասել եւ հետաքրքրություն առաջացրել:
Մասնագիտական ոլորտները նույնպես տարբեր են, Հայաստան գալու համար հետաքրքրված են իրավաբանության, կրթության, տնտեսագիտության, ֆինանսական, ճարտարագիտական, սոցիալական, քաղաքական գիտությունների, համակարգչային գիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, հաղորդակցման եւ մեդիայի ուսումնասիրությունների եւ այլ ոլորտների ներկայացուցիչները: Մինչ այդ Կառավարությունն այս ծրագրի համար ցանկ էր ներկայացրել, նշել, թե ինչ մասնագիտությունների կարիք ունի.
- Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում
- Սոցիոլոգիա եւ սոցիալական աշխատանք
- Ռազմական գիտություններ
- Մշակութաբանություն
- Հոգեբանություն
- Կրթություն
- Իրավագիտություն
- Համակարգչային գիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Հաղորդակցման եւ մեդիայի ուսումնասիրություններ
- Աղետների եւ ռիսկերի կառավարում
- Բնապահպանություն
- Գյուղատնտեսություն
- Զբոսաշրջություն (տուրիզմ)
- Քաղաքաշինություն եւ թափոնների կառավարում
- Ճարտարագիտություն
- Ճարտարպետություն
- Բժշկություն եւ առողջապահական գիտություններ
- Միջազգային բիզնես
- Ֆինանսներ
- Վիճակագրություն
- Տնտեսագիտություն
«իԳործ» 2021-ի հայտադիմումները դեռ ընդունվում են, ապրիլի 15-ը դիմելու վերջնաժամկետն է, այնուհետեւ գրասենյակն ընտրություն կկատարի:
Ո՞րն է ի վերջո Հայաստան գալու եւ այստեղ աշխատելու սփյուռքահայ երիտասարդի հիմնական շարժառիթը: Սառա Անջարգոլյանն ասում է. «Մեր առաջին տարվա փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ մասնակիցների հիմնական շարժառիթը մասնագիտական հայրենադարձությունն է, սեփական գիտելիքներն ու փորձը Հայաստանին ծառայեցնելը: Մեր սփյուռքահայ մասնագետներն այս մեկ տարվա աշխատանքն ընկալում են որպես ծառայություն, որի շրջանակում իրենց ներդրումն են ցանկանում ունենալ պետական ոլորտների բարելավմանը, զարգացմանը, քաղաքականությունների ու ծրագրերի մշակմանը: Իրենց նորարարությունը, մշակույթը, փորձը, կարողությունները բերելով Հայաստան՝ ցանկանում են բարելավել, առողջացնել մեր պետական համակարգը: Մեզ համար շատ կարեւոր է, որ նրանց մի մասն ի վերջո մշտական հայրենադարձության ցանկություն է հայտնում, ստանում կայուն աշխատանքի առաջարկներ հենց պետական համակարգի ներսում»:
«իԳործ» 2020-ի մասնակից, հայրենադարձ մասնագետ Հայկ Մարգարյանը, որն աշխատում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, օրերս նշանակվել է Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում:
Հայկ Մարգարյանը ծնվել է Հայաստանում, 3 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, ապրել է նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, նոր պաշտոնում արդեն գործնական առաջին քայլն է արել. Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում փորձելու են տեխնոլոգիաների տրանսֆեր (technology transfer) իրականացնել, ինչը նորություն է Հայաստանում: Կենտրոնը միջնորդ է դառնալու գիտական շրջանակների համար, որի ներկայացուցիչները ցանկություն կունենան իրացնել իրենց գիտական նախագծերն ու հետազոտությունները:
«իԳործ»-ը, ըստ Սառա Անջարգոլյանի, լայն հնարավորություն է տալիս սփյուռքահայերին. «Այն Հայաստանի պատմության մեջ առաջին պետական ծրագիրն է, որը զանգվածային կերպով հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու ՀՀ Կառավարությունում, եւ նրանց ֆինանսավորում բացառապես պետական միջոցներով: Ծրագիրը ոչ միայն առաջարկում է պետական համակարգում ծառայելու բացառիկ հնարավորություն, այլ նաեւ նոր ճանապարհ է բացում սփյուռքահայ մասնագետների համար՝ ստեղծելու ավելի խոր համագործակցություն հայրենիքի պետականաշինության գործում»:
Դրսից մասնագետների գալուն զուգընթաց կա նաեւ մեկ այլ երեւույթ. հայաստանցի բազմաթիվ մասնագետներ, Հայաստանում համապատասխան աշխատանք չգտնելով, մեկնում են արտերկիր: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, սակայն, իր գործառույթը չի համարում Հայաստանում նրանց պահելը: «Հայաստանի ներսում աշխատանքի եւ զբաղվածության հարցերը մեր իրավասությունների շրջանակներից դուրս են: Մեր գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման եւ ռազմավարությունների ու քաղաքականության իրականացման համար: Մեզ համար կարեւոր է համահայկական մասնագիտական-մարդկային ներուժի համախմբումը Հայաստանում: Մեր աշխատանքները եւ ծրագրերը միտված են այդ առաքելությանը եւ այդ գործառույթների շրջանակներում են»,- ասում է Սառա Անջարգոլյանը:
Հայաստան եկող սփյուռքահայ մասնագետների համար ավիատոմսը (դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ) ապահովում է ՀՀ Կառավարությունը, մասնագետներն ունեն առողջության ապահովագրություն, 336.000 ՀՀ դրամ էլ տրամադրվում է որպես ամսական վճար կացության ծախսերի համար: Ուրիշ այլ վճար չկա, գրասենյակից հայտնում են, որ մինչեւ հիմա դժգոհություն չի եղել մասնագետներին հատկացվող գումարի չափի վերաբերյալ: Ծրագիրը մասնագետի ընտանիքի ծախսերը չի հոգում, բայց նրանցից ոմանք այստեղ են եկել ընտանիքներով և անձամբ են հոգում ընտանիքի կացության ծախսերը:
2021 թվականին գրասենյակը նախատեսում է ունենալ եւս 50 սփյուռքահայ մասնագետ, ծրագրի այս տարվա բյուջեն շուրջ 233 մլն ՀՀ դրամ է: Ֆինանսավորումը պետական բյուջեից է, այլ ֆինանսական գործընկերներ չկան:
2021 թվականի ծրագրում սփյուռքահայ մասնագետների համար աշխատանք է նախատեսված նաեւ մայրաքաղաքից դուրս: Հայտադիմումի մեջ դիմորդները որպես տարբերակ կարող են ընտրել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, օրինակ՝ մարզպետարանները:
Սառա Անջարգոլյանը նույպես հայրենադարձ մասնագետ է, Հայաստան է եկել 2012-ին ԱՄՆ-ից: Մեր այն հարցին, թե իր փորձից ելնելով՝ ինչ հիմնական դժվարություններ են ունենում դրսում ծնված, մեծացած, այնտեղ ուսում ստացած եւ այստեղ աշխատող սփյուռքահայերը, պատասխանում է. «Առկա են աշխատանքային մշակույթի տարբերություններ, ինչը բնական է: Այս ընթացքում մասնակիցները որեւէ անլուծելի խնդիր կամ խոչընդոտ չեն ունեցել: Իհարկե, եղել են որոշակի անհարթություններ, որոնք սփյուռքահայ մասնագետների եւ իրենց տեղացի գործընկերների արդյունավետ աշխատանքի միջոցով հարթվել են, կշարունակեն հարթվել, եթե ի հայտ գան այլ խնդիրներ: «իԳործ»-ի ամբողջ թիմն առաջնորդվում է ճկուն աշխատելաոճով, ինչը հեշտացնում է մասնագետների ինտեգրման գործընթացը:
Երբեմն նաեւ որոշակի խնդիրներ է ստեղծում հայերենի ոչ գերազանց իմացությունը, սակայն իմ փորձով կարող եմ հավաստիացնել, թե որքան դյուրին է աշխատանքի ընթացքում մայրենիի գիտելիքները բարելավելը»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։