Էյմըս Չապըլը ծնունդով նոր զելանդացի լուսանկարիչ է, նկարներ հետազոտող եւ բավականին հետաքրքրված է նախկին ԽՍՀՄ երկրներով։ Վերջերս նա Ժենյա Մուրադյանի հետ ունեցած զրույցով բացահայտել է հայտնի հայ քանդակագործի հետ պատահական հանդիպումից ծնունդ առած հուշարձանի գաղտնիքը, որը հետեւյալն է։
1960 թվականի աշնանային մի օր երեւանաբնակ Ժենյա Մուրադյանը եւ նրա մայրը դուրս են գալիս գնումների Կենտրոնում։ Մինչ երկու կանայք սպասում էին լոլիկի համար վճարելու իրենց հերթին, Ժենյան նկատում է մի բեղավոր տղամարդու, որն այնքան ուշադիր էր իրեն նայում, որ վախեցած դեռահասը մորն է ցույց տալիս։ Մայրը անմիջապես լոլիկը դնում է իր տեղում եւ, ամուր բռնելով չքնաղ դստեր ձեռքը, արագ դուրս է գալիս խանութից։
Դրսում տղամարդը մոտենում է նրանց, ներողություն խնդրում եւ ներկայացնում պատճառը։ Տղամարդու անունը Արա Հարությունյան էր, որին վերջերս հանձնարարվել էր ստեղծել Ստալինի հուշարձանին փոխարինող մի քանդակ։ Արվեստագետը փնտրում էր կնոջ, որը կարտացոլեր մայրության եւ հայրենիքի ողջ ուժը, եւ վստահ էր, որ Ժենյա Մուրադյանը հենց այդ կերպարն էր։ Այդ պատահական հանդիպումից վաթսունմեկ տարի անց յոթանասունութամյա Ժենյան, որն ապրում է Երեւանի Կենտրոնի իր բնակարանում, պատմում է, թե ինչ է եղել դրանից հետո։
«Մայրս անմիջապես մերժեց, հետո քանդակագործը տրամադրեց հեռախոսահամարը եւ ասաց՝ մտքափոխվելու դեպքում, զանգահարենք»,- պատմում է Ժենյան։
Երբ Մուրադյանի եղբայրը լսում է այդ հանդիպման մասին, նա ոգեւորված նշում է, որ այդ հայտնի արվեստագետը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի իր դասախոսներից է։ Հետո քույր ու եղբայր միասին այցելում են Հարությունյանի արվեստանոց, եւ արվեստագետը սկսում է կերտել Ժենյայի կերպարը։ Մուրադյանը նշում է, որ Արա Հարությունյանը բավականին քչախոս էր, եւ երբ նայում էր քեզ, թվում էր՝ ամբողջովին տեսնում է ներսդ։
1967 թվականին Մուրադյանի պատկերով քանդակված հուշարձանը պաշտոնապես բացվում է, սակայն քառասուն տարի շարունակ Ժենյան գաղտնի էր պահում այն փաստը, որ ինքն է սիրված արձանի հերոսուհին՝ չասելով անգամ ամուսնուն։
Հերոսուհին պատմում է, որ տեսնելով հուշարձանը՝ քանդակագործին հարցրել է, թե ինչու է պատկերել իրեն խիստ հոնքով, եւ ստացել է պատասխան, որ դա ուժեղ կնոջ խորհրդանիշն է, եւ այն ուժն է, որը տեսել է Ժենյայի մեջ։
Մուրադյանը, որը ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, նշում է, որ հուշարձանն օգնել է իրեն՝ հաղթահարելու իր կյանքի մի քանի դժվար շրջան։ «Քանդակագործն ասաց, որ տեսնում է ուժ իմ մեջ, սակայն ես չէի զգում դա, ինձ համարում էի թույլ։ Բայց ինձ ընտրեցին որպես ուժի մարմնացում, ուստի հուշարձանին նայելը ինձ հիշեցնում էր, որ ես պարտավոր եմ լինել ուժեղ»,- պատմում է թոշակառու ուսուցչուհին։
Այսօր Ժենյան երեւանյան իր բնակարանից ամեն օր հետեւում է «Մայր Հայաստանին»՝ ասես ընտանիքի անդամ։ Երջանկանում է, երբ տոն օրերին տարբեր տեխնիկաներով լուսավորվում է, ինչպես նաեւ ցավ է զգում, որ պատշաճ չեն խնամում, մաքրում, ինչպես քաղաքի մյուս հուշարձանները, բայց միաժամանակ հասկանում է, որ այն նյութատեխնիկական մեծ մարտահրավեր է։
Ադրբեջանի հետ վերջին պատերազմի ընթացքում նա սաստիկ ֆիզիկական ցավ էր զգում, երբ տեսնում էր, թե ինչպես են մայրերը սգում որդիների մահը։ Մուրադյանը նաեւ նշում է, որ հասկանում է, թե ինչու են շատ հայ երիտասարդներ լքում հայրենիքը, բայց հույս ունի, որ շուտով կկարողանան հայրենիքում ստեղծել բարեկեցություն՝ արտասահման մեկնելու փոխարեն։
Պատրաստեց Լիանա Մարկոսյանը