Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ Շուշիի հարյուրամյա ջարդերի կապակցությամբ, հիշեցնելով, որ 101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի եւ բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը:
«Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսեւորումն էր: Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:
Այս ողբերգական իրադարձությունն ազդակն էր այն քաղաքականության, որն Արբեջանը պետք է որդեգրեր հետագա տասնամյակների համար: Նման մարդատյաց գործողությունների շարունակությունը դարձավ 1988 թվականից ի վեր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով եւ կոտորածներով:
Այն հանգամանքը, որ Բաքվի եւ Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին։
1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը եւ 2020 թ. քաղաքի բռնազավթումը ոչ միայն Արցախի եւ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության դրսեւորում են, այլեւ հանցագործություն մարդկության ու մարդկայնության դեմ, միջազգային իրավունքի եւ նորմերի կոպտագույն խախտում:
Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա եւ կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի եւ պատմական արդարության վերականգնման համար»,-ասված է հայտարարության մեջ: