ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի նիստում հեռարձակված տեսաուղերձում բարձրացրել է ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականություն հարցը
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ադրբեջանում տարվում է «իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից»:
Տեսաուղերձում շեշտվել է, որ ադրբեջանական եւ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի՝ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից մինչեւ վերջերս արված մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն եւ սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաեւ հայ երեխաների:
«Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով»,- ընդգծված է տեսաուղերձում: