Գերմանական «Deutsche welle» («Գերմանական ալիք») պարբերականն անդրադարձել է Բաքվի շահերը առաջ քաշելու համար Ադրբեջանից կաշառք վերցնելու մեղադրանքով Բունդեսթագի միանգամից մի քանի պատգամավորների դեմ հարուցված գործին։ Հեղինակը հռետորական հարց է տալիս՝ «Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիեւների կլանը Գերմանիայում», եւ ինքն էլ փորձում գտնել շատերին հետաքրքրող հարցի պատասխանը։
«Գերմանիայի Բունդեսթագում կոռուպցիայի բացահայտման լուրջ սկանդալ է հասունանում։ Ըստ ամենայնի, մի քանի գերմանացի քաղաքական գործիչ փորձել են առավելագույն օգուտ քաղել Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց շփումներից,- հետեւություն է անում հեղինակն ու հավելում,- Գերմանիայի դատախազության ուշադրությունն առաջին հերթին սեւեռված է իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության երկու անդամների՝ Աքսել Ֆիշերի եւ Մարկ Հաուփթմանի վրա։
Այս տարվա մարտի սկզբին Ֆիշերի տանը եւ Բունդեսթագի նրա գրասենյակում հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում խուզարկություններ են կատարվել՝ կապված պատգամավորի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) աշխատելու ընթացքում Ադրբեջանից հնարավոր ֆինանսավորման հետ»։
«Deutsche welle»-ը նշում է, որ Մարկ Հաուփթմանի նկատմամբ եւս գործ է հարուցված՝ 16 հազար եվրոյի դիմաց Ադրբեջանում զբոսաշրջագայության եւ ադրբեջանական արտադրության նռան հյութի գովազդն իրեն պատկանող Südthüringen Kurier թերթում զետեղելու մեղադրանքով։ Ընդ որում՝ գովազդն ուղեկցվել է նմանատիպ՝ ադրբեջանական «արժեքները» մինչեւ երկինք հասցնող խմբագրական նյութերով։ Ինքը՝ Հաուփթմանը, հերքում է, որ այդ նյութերի հրապարակումն ինչ-որ կերպ ազդել է իր քաղաքական դիրքորոշման վրա։
Հոդվածագիրը հպանցիկ հիշեցնում է, որ քրիստոնեա-դեմոկրատ պատգամավորն ի վերջո՝ մարտի 11-ին, հրաժարվեց իր մանդատից․ բանն այն է, որ Գերմանիայում նրան համարում են ոչ միայն ադրբեջանական սկանդալի, այլեւ, ժողովրդի մի քանի ընտրյալների թվում, հանցակից, այսպես կոչված, «դիմակային խարդախության»՝ կորոնավիրուսի պաշտպանիչ դիմակների արտադրման պատվերն ու մատակարարումն ապահովելու համար արտադրող ընկերությունից շուրջ 600 հազար եվրո կաշառք ստանալու գործով:
«Ինչ կոռուպցիա-մոռուպցիա. մարդասիրական օգնություն է»
Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիոն կապերում կասկածվում է նաեւ Ֆիշերի եւ Հաուփթմանի կուսակից Թոմաս Բարայսը։ Գերմանիայի խմբագրական ցանցի (Redaktionsnetzwerk Deutschland) հետաքննության համաձայն՝ օրերս նրա դեմ գործ է հարուցվել․ քաղաքական գործիչը համավարակի սկզբում նպաստել է, որ բժշկական տեխնիկա արտադրող գերմանական Löwenstein Medical ընկերության կողմից Ադրբեջանին առաջնահերթ կերպով թոքերի արհեստական օդափոխման սարքեր մատակարարվեն։
Լրագրողները պարզել են, որ 2019-ի հունվարին Բարայսը տնտեսական պատվիրակության կազմում ժամանել է Բաքու եւ ընդունելության հրավիրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նստավայր: Ինքը՝ պատգամավորը, պնդում է, որ բնավ ճնշում չի բանեցրել բուժտեխնկա արտադրող գերմանական ընկերության վրա, իսկ Ադրբեջանին աջակցելու հանգամանքը բացատրել է սոսկ «հումանիտար օգնություն» տրամադրելու ազնիվ մղումով։
Ադրբեջանի շահերի լոբբինգը ԵԽԽՎ-ում
«Deutsche welle»-ի հոդվածագիրը նշում է, որ ՔԴՄ շարքերում «ադրբեջանական խարդախության» հանցակիցները միայն Ալեքս Ֆիշերը, Մարկ Հաուփթմանն ու Թոմաս Բարայսը չեն։ 2017-ին անկախ փորձագետների «Ձկնկիթային դիվանագիտություն» պերճախոս վերնագրով հրապարակած զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը վաղուց է ձգտում ազդեցություն ունենալու ԵԽԽՎ պատգամավորների վրա։
Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն փորձում է կաշառքի միջոցով «իրենով անել» ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի զեկուցողներին, որոնք ի պաշտոնե պիտի հետեւեին, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահից սկսած՝ Ադրբեջանը պատշաճ կատարեր ստանձնած պարտավորությունները։ Իբրեւ կաշառք առաջարկվել են տարբեր բաներ, դրանց թվում՝ սեւ ձկնկիթ, գորգեր, թանկարժեք ոգելից խմիչք եւ ոսկերչական զարդեր։
«Զեկույցում ջրի երես են հանվել Բունդեսթագի՝ ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անուններ: Նրանցից մեկն էլ ՔԴՄ-ից Կարին Շտրենցն է, որը 2014-ին եւ 2015-ին միջնորդ ընկերության միջոցով 22 000 եվրո է ստացել Բաքվից»,- արձանագրում է հոդվածագիրը՝ հետեւությունները թողնելով ընթերցողին։
«2015-ին Շտրենցը դեմ էր քվեարկել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու ԵԽԽՎ-ի պահանջին։ Կոռուպցիոն մեղադրանքների առնչությամբ 2018-ին Շտրենցի աշխատանքը ԵԽԽՎ-ում չի երկարաձգվել, սակայն նա առ այսօր Բունդեսթագի պատգամավոր է։
Ադրբեջանից կաշառք վերցնելու գործով հանցակից է համարվում նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները:
Կարին Շտրենցի պես Լինթներն էլ մեղադրվում է նրանում, որ մի քանի տարի առաջ Եվրոպայում Ադրբեջանի շահերը առաջ քաշելու դիմաց Բաքվից կաշառք է ստացել»,- ընդգծում է «Deutsche welle»-ն եւ տարակուսանք հայտնում, որ «այն երանելի օրերին» գերմանացի պատգամավորը Եվրոպայի խորհրդի դիտորդական հանձնաժողովի անդամ էր եւ, հակառակ բազում ակնհայտ փաստերի ու տրամաբանության, զարմանալիորեն դրական էր գնահատել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու ընթացքը։ Լինթների եւ Շտրենցի նկատմամբ հարուցված քրգործով զբաղվում է Մայնի Ֆրանկֆուրտի դատախազությունը։
Աշխատանք Ալիեւի ընտանեկան կլանի նկարագրի վրա
Հոդվածագիրն ասես ընթերցողից է ակնկալում իր հարցի պատասխանը. վերջիվերջո ի՞նչ շահեր կարող են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները Գերմանիայի եւ մյուս եվրոպական երկրների քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին ու պատգամավորներին համառորեն նվերներ բաժանելու իրենց վարքագծով։
«Այստեղ միայն երկու երկրների միջեւ հարաբերությունները կամ ներդրումներ ներգրավելու հարցը չէ: Ադրբեջանը առաջին հերթին ձգտում է բարելավելու սեփական նկարագիրը,- ասում է «Դաշինք-90» գերմանական ընդդիմադիր կուսակցության մերձավոր՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն, փորձագետ Շտեֆան Մայստերը։ «Ադրբեջանը միջազգային ասպարեզում կարեւոր քաղաքական դեմքերի աջակցության միջոցով փորձում է օդից երկրի դրական նկարագիր կերտել եւ այդ կերպ օրինակարգ դարձնել իր քաղաքական կուրսը»,- ընդգծում է փորձագետը։
Իսկ Ադրբեջանի քաղաքական կուրսը, առաջին հերթին, սահմանում է նախագահ Իլհամ Ալիեւի ընտանեկան կլանը։ 2003-ին Իլհամ Ալիեւը փոխարինեց պետության ղեկավար հորը՝ Հեյդար Ալիեւին, իսկ 2017-ին նրա կինը՝ Մեհրիբան Ալիեւան, նշանակվեց Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում։
Սակայն երկրի ղեկավարության հանդեպ քննադատությունն առնչվում է ոչ միայն Ալիեւների անհատի պաշտամունքի, այլեւ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակումների լրջագույն խնդրին։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ երկրում արդար դատարան չկա, եւ ժամանակավոր կալանքի մեկուսարաններում մարդկանց մահվան դեպքերը պատշաճ հետաքննության չեն արժանանում:
Հակառակ Բաքվի վերը նշված բոլոր ջանքերի՝ «Լրագրողներ առանց սահմանի» (RSF) կազմակերպության կազմած վարկանիշային աղյուսակում ազատ մամուլի մակարդակով Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնոմ է 168-րդ հորիզոնականը։
«Լիքը փող են ծախսել, բայց լրիվ հակառակ արդյունքի են հասել»,- ասում է ԵԽԽՎ անդամ, Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որը համոզված է, որ անգամ այլ օտարերկրյա պատգամավորներին ու միջազգային պաշտոնյաներին կաշառելը չի օգնել: Ադրբեջանի իշխանության ջանքերը հակառակ ազդեցությունն են թողել: Ադրբեջանը որքան էլ կաշվից դուրս գա, ինչ միջոցների էլ դիմի, միեւնույնն է, ձախողվել է. ակնհայտ է, որ այդ երկիրը ոտնահարում է մարդու իրավունքներն ու շատ հեռու է ժողովրդավար կոչվելուց»:
Փոքրիկ նվերներ քաղաքական շահի դիմաց
Պարբերականը նշում է, որ եվրոպական զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներից դատելով՝ Ադրբեջանի իմիջի վրա «աշխատանքն» ընթանում է մի քանի ուղղություններով։
«Նախ՝ նավթի եւ գազի մեծ պաշարների տիրապետող երկիրը մեծ գումարներ է ներդրել միջազգային խոշոր միջոցառումների, օրինակ՝ Եվրատեսիլ-2012-ի, Եվրոպական խաղեր-2015-ի եւ «Ֆորմուլա-1»-ը Բաքվում կազմակերպելու համար։ 2021-ին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որոշ խաղեր կանցկացվեն Բաքվում։
Մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են նվաճել եվրոպացի քաղաքական գործիչների բարեհաճությունը արժեքավոր նվերների, օրինակ՝ Ադրբեջան շրջագայությունների, շքեղ ճաշկերույթների հրավերների եւ այլ միջոցառումների միջոցով»։
«Դա յուրօրինակ միջնորդավորված կոռուպցիա է, եւ նպատակները, որոնց ամեն գնով հասնում է Ադրբեջանը, առանձնապես մի բան չեն»,- եզրակացնում է Շտեֆան Մայստերը՝ չբացառելով, որ Ադրբեջանը կամ ցանկացած այլ ավտորիտար երկիր եվրոպացի պատգամավորների բարեհաճությունը շահելու մղումով այդ գործիչներին նման առաջարկներ է անում՝ վստահ, որ վերջիններս իրենց երկրներում այնքան էլ մեծ արտոնություններից չեն օգտվում:
Հարավկովկասյան տարածաշրջանի փորձագետ Մայստերը այնքան էլ վստահ չէ, որ Աքսել Ֆիշերի եւ Մարկ Հաուփթմանի նկատմամբ սկսված հետաքննությունը կնպաստի, որ գերմանացի քաղաքական գործիչները դիմանան գայթակղությանն ու հրաժարվեն Ադրբեջանի միահեծան իշխանությունների շահերն առաջ տանելուց:
«Ի վերջո գոյություն ունեն մի շարք գերմանա-ադրբեջանական կազմակերպություններ համալսարանների ամբիոններում, մշակութային եւ տնտեսական ինստիտուտներում: Հազիվ թե Գերմանիայի իշխող կուսակցությունները հետեւողական լինեն այս հարցում: Թերեւս տեղից կշարժվեն միայն այն դեպքում, երբ զանգվածային լրատվամիջոցներում աղմուկ բարձրանա»,- նկատում է գերմանացի փորձագետը։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը