Ընթացիկ շաբաթ Christie’s-ի աճուրդում դեռ փետրվարի 16-ին վաճառքի հանված «Ամեն օր. առաջին 5000 օրերը» ամբողջովին թվային կտավը գնվել է 69, 3 միլիոն դոլարով: Ընդ որում՝ մեկնարկային գինը կազմել է ընդամենը 100 դոլար:
Գեղանկարիչ Մայք Վինքելմանի՝ Բիփլի (Beeple) այս նկարը վաճառվել է NFT-ի՝ փոխադարձ կախվածության չենթարկվող բլոկչեյնում (որոշակի կանոններով կառուցված չընդմիջվող եւ տեղեկություն պարունակող բլոկների հաջորդական շղթայի կապակցված ցանկում) գրանցված եւ վիրտուալ ակտիվի պատկանելության իրավունքը հաստատող բացառիկ թվային թոքենի ձեւաչափով:
Christie’s աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ «այդ ստեղծագործության գնորդն, ըստ էության, ստանալու է տառերի եւ թվերի երկար, շատ երկար մի շղթա՝ Ethereum բլոկչեյնում զետեղված կոդ: Շղթայի բլոկ, որն ավելացվելու է Ethereum-ի նրա քսակում»: Նկարի տերը ձեռք կբերի «100 մեգաբայթանոց եւ բարձր թույլատրելիության վիթխարի JPEG (լուսանկարի պահպանման համար նախատեսված գրաֆիկական ձեւաչափ)»:
5000 պատկերից բաղկացած նկարը Բիփլն արել է 5000 օրվա (մոտ 14 տարվա) ընթացքում՝ 2007-ի մայիսից մինչեւ այս տարվա հունվար: Ըստ Cristie’s-ի պաշտոնական կայքում զետեղված պարզաբանման՝ նկարում Բիփլը համատեղել է «վերացական, ֆանտաստիկ, գրոտեսկային եւ աբսուրդ» պատկերները: Նկարիչն արտացոլել է «հասարակության խելահեղությունն ու տեխնոլոգիաների հանդեպ վախը, հարստության փափագն ու մեկուսացումը, ինչպես նաեւ Ամերիկայի քաղաքական ցնցումները»: