Գրոց անունն է Մհեր: Գյուղում ասում են՝ Ցոլակ: Ով իմանա՝ ինչու՞: Ցոլակ եւ՝ վերջ: Ինձնից մի երկու տարով մեծ է: Եւ ինչքան հիշում, երեխայության իմ հուշերում նրան կամ գետից ձուկ բռնած՝ հպարտ-հպարտ տուն գալիս եմ տեսնում, կամ՝ ընկույզի տոպրակը մեջքին, կամ իշաբեռ փայտը բակի թթենու շվաքին դարսելիս: Իսկ ավելի հաճախ մոր տրտնուջն եմ լսում:
Ցոլակը ստամոքսի խնդիրներ ուներ: Տարան Երեւան, բարեկամ-ծանոթի օգնությամբ գտան պրոֆեսոր Անանիկյանին: Վիրահատվեց եւ Բալաջարի զորակոչիկների հավաքակայանում երբ բուժզննում էր անցնում, հանձնաժողովն առանց կողմնակի միջամտության որոշեց, որ Մհեր Վահանի Շահբարյանը զինվորական ծառայության համար ընդհանրապես ոչ պիտանի է: Այդպես՝ մինչեւ աշխարհի մեր բաժին այս հողում ամեն ինչ իրար խառնվեց:
Հայրն անցել էր Հայրենական մեծ պատերազմը, Փառքի շքանշանակիր, համարյա թե Խորհրդային Միության հերոս էր, բայց մարտական նրա սխրանքների մասին գյուղում միայն մի օր էին հիշում՝ մայիսի 9-ին, երբ հագնում էր տոնական պիջակ՝ ձախ ուսը շքանշաններով եւ մեդալներով զարդարած եւ Հաղթանակի պատվին զոհվածների հուշարձանի մոտ ներկայանում արարողությանը, որն ավարտվում էր պարզ հացկերությամբ:
Տարվա մնացած օրերին Վահան Շահբարյանը կենցաղսպասարկման կոմբինատի համեստ ատաղձագործ էր, արձակուրդի կարճ ընթացքում՝ իր անասունի խոտը հնձող, ձմեռվա վառելիքը տուն բերող, այգում եւ բանջարանոցում կնոջ հետ հավասար աշխատող: Միայն երբեմն իրեն թույլ էր տալիս դուրս գալ հին կալատեղի, որտեղ ամռան իրիկնամուտին թաղի տղամարդիկ հավաքվում, հին պատմություններ էին հիշում կամ խոսում միջազգային դրությունից: Եւ երբ մեկնումեկը փորձում էր պատերազմի իր չանցած ճանապարհներից խոսել, Վահան Շահբարյանը խռովում, քաշվում էր տուն՝ ուսի վրայից նետելով ընդամենը մի խոսք. «Պուլեմյոտը շալակիս Բեռլին եմ հասել, Բառլի՜ն»:
Գյուղում նա առաջինը ստույգ զգաց, որ «կռիվ է լինելու», երբ օդում մարտական ուղղաթիռներ հայտնվեցին՝ 1990 թվականի աշնանը: Ոչ ոք չհիշեց, ինքն էլ չհիշեցրեց, որ Մհեր Վահանի Շահբարյանը զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչված: Գյուղի համար նա երեսունհինգ-երեսունվեց տարեկան ամրակազմ Ցոլակն էր, որ ղարաբաղյան առաջին պատերազմն անցավ Ալիաղալուից մինչեւ Թալիշ ու Սեյսուլան եւ դեռ երկու տարի էլ դիրքապահ ծառայության էր՝ մինչեւ բանակը նորակոչիկների համալրում կստանար եւ հին աշխարհազորայիններին տուն կթողնեին:
Պատերազմից, մարտական դիրքապահ ծառայությունից Ցոլակը տուն է բերել արքայախնձորի պատվաստած երկու շիվ եւ «փեյվա» կոչվող խոշորահատիկ զկռենու մի տնկի, որ հիմա հասուն ծառեր են եւ եթե կարկուտը չի խփում կամ գարնանն ուժեղ ձյուն չի տեղում՝ լավ բերք են տալիս: Նրա «ռազմավար» ծառերը:
Մնացած ամեն ինչ վերստեղծել է կնոջ հետ գրեթե շուրջօրյա լուռ աշխատանքով: Պատվով-կարգով հողին է հանձնել ծնողներին, աղջիկներին ամուսնացրել, հետո՝ տղային: Քառասունչորսօրյա պատերազմին տղան է մասնակցել՝ Դավիթը: Նա կնոջ եւ երեխաների հետ ծառայության վայրին մոտ գյուղում է ապրում, ծնողներին տեսության է գալիս, երբ մարտական հերթափոխից ազատ է լինում:
Քառասունչորս օր Ցոլակը գյուղից մի օր չի բացակայել: Նոյեմբերի սկզբին կնոջն ուղարկել է Երեւան՝ եղբոր տուն, որովհետեւ վտանգ կար, որ թշնամին Խաչենի կամրջի ուղղությամբ կճեղքի պաշտպանությունը: Նոյեմբերի տասնհինգին կինը վերադարձել է: Հիմա տանը երկուսով են: Եւ դարձյալ աչք է շոյում նրանց այգին: Բանջարանոցում կարտոֆիլի սերմն արդեն ցանված է, մարգերը՝ պատրաստ: Փոքրիկ ջերմոցում շուտով սածիլի սերմ շաղ կտան: Ոչ մի անասուն շան բաժին չի արել: Ցուլիկները հարմար գնով իրացրել է, մատղաշն ու կովերը գարուն է հանել եւ մի ծեղ խոտի պակասություն չունի: Նույնիսկ եթե մարտ ամիսը շարունակի ցրտաշունչ անակնկալներ մատուցել:
Ահա այդ հավաք –հաշվարկված, մինչեւ գալիք բերք ամբարված լոբու, կարտոֆիլի, պանրի, թթուների եւ պահածոների, բակում խռկացող մերունացու խոզի, ոչխարների եւ մորթի համար նախատեսված խոյի, տնաքաշ արաղի եւ մնացած ամեն ինչի զուսպ ապահովությունից գոհ՝ Ցոլակն օրվա վերջին սիրում է մի քանի բաժակ խմել: Չի փիլիսոփայում, չի պոռոտախոսում: Ոչ ոքի ոչնչի համար չի մեղադրում: Ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունի: Թոշակը նոր է ձեւակերպել, բայց անասունների վերաբերյալ ասում է. «Մենք իրենց ենք պահում, իրենք՝ մեզ», որովհետեւ իր մեծ ընտանիքի դրամական բավարարումն ունենում է անասունների վաճառքից:
Այսպես է ապրում գյուղի մեր հարեւան Մհեր Շահբարյանը: Նույն ինքը՝ իմ երախայության հուշերի Ցոլակը, որ հիմա ափսոսանքով նայում է ձորի չորացած ընկուզենիներին եւ չի հասկանում, թե ի՞նչ եղավ բնության հետ, որ քսան, ամենաշատը երեսուն տարի առաջ մի շվաքի տակ զբոսախնջույքի նստած «դաչնիկներին» գոհացնող ծառից հիմա գոսացած բույնն է մնացել: «Էն էլ մի վարար անձեւ գա՝ ձորն է ընկնելու»:
Տխուր պատկեր է: Սարալանջի նույնիսկ թփուտներն են չորացել, եւ հողը փախչում է մարդու ոտքի տակից: Մեր երեխայության կածանները դառնում են անհաղթահարելի զառիվեր: Բայց Ցոլակն այդ լանջերին դեռ ոչխար եւ այծ է արոտի տանում: Եւ ժամը մեկ նայում՝ հո շնագայլերը վրա չտվեցի՞ն: Որովհետեւ թաղի ձայներն առաջվա բարձրը չեն: Եւ շնագայլերին թվում է, թե ոչխարը կա, ոչխարատերը՝ ոչ, ոհմակով վրա են տալիս:
«Վտանգավորը երկոտանի շնագայլերն են»,- հրաժեշտի մեր զրույցն ամփոփում է գյուղի մեր հարեւան Մհեր Շահբարյանը եւ թասակը ճաղատացած գլխին քաշելով՝ աշխույժ բռնում Տնջրի ձորի զառիվեր ճանապարհը: Ոչխարը տուն շրջելու ժամն է…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։