Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Եվրամիության երկրների առաջնորդները քննադատել են Թուրքիային՝ Ստամբուլի կոնվենցայից դուրս գալու համար՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ անելով վերանայել որոշումը:
Շաբաթ օրը Թուրքիան հայտարարեց, որ դուրս է գալիս կանանց պաշտպանելու կոչված միջազգային համաձայնագրից՝ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Ստանբուլի կոնվենցիայից», հայտարարելով, որ կանանց իրավունքները պաշտպանվում են ներքին օրենքները, ոչ թե ինչ-որ սրտաքին կարգավորումներ:
Որոշման դեմ բողոքի ակցիաներ էին ձեռնարկվել Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Էսքիշեհիր, Ադանա, Հաթայ, Մերսին եւ այլ քաղաքներում, որտեղ վերջին տարիներին հաճախակիացել են կանանց սպանությունները:
Գերմանիան, Ֆրանսիան եւ ԵՄ-ն տագնապով են արձագանքել Անկարայի որոշմանը: «Խորապես ցավում ենք եւ չենք կարողանում ըմբռնել թուրքական կառավարության որոշումը»,- հայտարարել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ասել է, որ հիասթափված է Թուրքիայի՝ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշումից: