Ըստ «Արմենպրես»-ի՝ Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռեյչել Դենբերն ասել է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի պատասխանատվության ենթարկեն ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիներին դաժանորեն վերաբերված եւ խոշտանգած անձանց:
Դենբերը նշել է, որ Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների նկատմամբ բռնության, արժանապատվությունը նվաստացնող գործողությունների, խոշտանգումների դեպքեր՝ ինչպես նրանց գերեվարելիս, այնպես էլ տեղափոխելիս կամ տարբեր մեկուսարաններում պահելու ընթացքում: HRW-ն արձանագրել է նաեւ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց խոշտանգելու դեպքեր:
«Սրանք Ժնեւի կոնվենցիայի լրջագույն խախտումներ են, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործության: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն կառավարության վրա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք պետք է պարբերաբար տեղեկատվություն եւ թարմացումներ հայցեն հետաքննությունների ու դատական գործընթացների վերաբերյալ: Սա պետք է արվի Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն»,- ընդգծել է Ռեյչել Դենբերը:
HRW-ի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ, անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ՝ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի: