ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարների բրյուսելյան ժողովին հաջորդած ասուլիսում, հայտարարել է, որ Թուրքիային կմշտադիտարկեն մինչեւ ամառ՝ պարզելու համար նրա դիրքորոշումը մի շարք հարցերում, որոնցից մեկն էլ Կիպրոսի խնդիրն է:
Բորելը հայտնել է, որ օրակարգի կարեւոր քննարկումներից էր ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հարցը՝ նշելով, որ թեմային ավելի մանրամասն կանդարադառնան մարտի 25-26-ին՝ ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ վերջին շրջանում Թուրքիայից դրական ազդակներ են ստանում, սակայն որոշ զարգացումներ մտահոգիչ են, Արեւելյան Միջերկրականում իրավիճակը դեռ փխրուն է, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) գործունեության դադարեցման պահանջով սկսված դատավարությունը, Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցության դադարեցումը եւ նմանատիպ զարգացումները Թուրքիային հեռացնում են Եվրամիության ուղուց:
Դիվանագետը շեշտել է, որ ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել որպես ԵՄ անդամի թեկնածուի, որպես հարեւանի՝ չստորադասելով անդամ երկրների ու ԵՄ-ի շահերը:
Ժոզեֆ Բորելը տեղեկացրել է նաեւ, որ թեման այսօր կքննարկի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ: