Իսրայելցիներն այսօր կմասնակցեն երկու տարվա ընթացքում չորրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Երկրի քաղաքացիները ստիպված կլինեն վերընտրել Քնեսեթի միապալատ խորհրդարանը, որում ընդգրկված է 120 անդամ: Համաձայն սոցհարցումների, ընտրապայքարը այս անգամ եւս լարված կլինի։
Իսրայելում քաղաքական ճգնաժամն ու լարվածությունը սկսվել էր դեռ 2019-ին: Վերջին երկու տարվա ընթացքում երկրում անցկացված ընտրություններում աջակողմյան և ձախակողմյան կուսակցությունները ստացել են մոտավորապես նույն քանակի տեղեր խորհրդարանում, ինչն էլ խոչընդոտել է կառավարության ձևավորմանը: 2019-ի ապրիլ եւ սեպտեմբերին կայացած ընտրություններում ոչ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ոչ էլ նրա քաղաքական մրցակիցները չկարողացան կառավարություն ձեւավորել:
2020-ի մարտի ընտրություններից հետո Նեթանյահուն և «Կահոլ-Լավան» կուսակցության ղեկավար Բենի Գանցը բանակցություններ վարեցին ռոտացիոն կառավարություն ստեղծելու համար: Սակայն հետագայում, Նեթանյահուի եւ Գանցի միջեւ կրկին տարաձայնություններ առաջացան: Այդպիսով, վերջին ընտրություններից ինն ամիս անց 23-րդ Քնեսեթը պաշտոնապես լուծարվեց:
Չնայած այն հանգամանքին, որ իսրայելցիները քվեարկում են կուսակցությունների, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների օգտնին, երկրի քաղաքական դաշտում մի քանի հիմնական «դերակատարներ» կան՝ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ընդդիմադիր քաղաքական գործիչ Յաիր Լապիդը եւ վարչապետի նախկին դաշնակիցներ՝ Գեդեոն Սաարը եւ Նաֆթալի Բենեթը: Վարչապետ Նեթանյահուն ձգտում է վերընտրվել, այս անգամ իր նախընտրական արշավում հիմնվելով կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում Իսրայելի բնակչության արագ պատվաստման հաջողության վրա: Խորհրդանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն 37 կուսակցություն եւ դաշինք։