«Բոլոր տնամերձները մշակելու ենք, ե՛ւ այստեղ ապրողների, ե՛ւ գնացածների տնամերձ այգիները մշակված պիտի լինեն: Սկզբունքի հարց է. հեռվից նայելիս անմշակ, չցանված այգի չպետք է երեւա»,- Աղավնոյից հաղորդում է գյուղապետը՝ Անդրանիկ Չավուշյանը: Նրա ձայնը խառնվում է շինարարության ձայներին. Աղավնոյում այս պահին նաեւ մանկապարտեզ են կառուցում, գյուղապետը մեկ շինհրապարակում է, մեկ գյուղի սահմանին, որոշել է՝ գյուղն ավելի լավն է լինելու, քան մինչեւ պատերազմն էր: Մանկապարտեզը կառուցվոմ է «Արցախ ֆոնդ»-ի ֆինանսավորմամբ, մինչեւ սեպտեմբեր պատրաստ կլինի, մոտ տասը երեխա կհաճախի նորակառույց մանկապարտեզ: Հայ օգնության միության Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզն էլ գույք կտրամադրի:
Գյուղապետ Չավուշյանը պատմում է, որ պատերազմից հետո Աղավնոյում երեք երեխա է ծնվել։ Ճիշտ է, նախկին մոտ 300 բնակչի փոխարեն գյուղն այժմ 90 բնակիչ ունի, բայց ասում է՝ 90-ով էլ անելու են նույն գործերը, ինչ 300-ով էին անում: «Կարծում եմ՝ եթե մինչեւ հիմա չեն եկել, էլ չեն գա: Ես կոչ չեմ անում, որ գան, քանի որ իմ կոչով չեն գնացել»,- պատերազմի պատճառով գյուղից հեռացածների մասին ասում է գյուղապետը:
Աղավնոյից երեք անհայտ կորած կա, զոհ էլ են ունեցել: Գարեգին Նժդեհի անվան դպրոցը, որ պատերազմում վնասվել էր, նորոգել են. արդեն գործում է, մտադիր են խաղահրապարակ կառուցել, բուժկետ բացել. աշխատուժի կարիք ունեն: «Կանենք, գիշեր-ցերեկ կաշխատենք, կհասցնենք: Խանութ էլ պիտի բացենք: Ճիշտն ասած՝ ես չէի ուզում խանութ բացել, որ առեւտրի պատրվակով ռուսների հետ ադրբեջանցիները գյուղ չմտնեն: Բայց առանց խանութի չի լինի, բացելու ենք, ուղղակի ասելու ենք, որ միայն ռուսները առեւտուր կարող են անել, ադրբեջանցիների մուտքն արգելված է»,- գյուղի նորություններն «Ալիք մեդիա»-ին ներկայացնում է գյուղապետը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիները երկու անգամ փորձել են գյուղին մոտենալ, նույնիսկ մտնել: «Բայց իրենց վատ բախտից երկու անգամն էլ ես տեղում եմ եղել: Ռուսների հետ եմ կապվում, ասում եմ՝ եկե՛ք, հե՛տ դարձրեք, մի՛ թողեք իմ ձեւով իրենց հետ ուղարկեմ: Ես խաղաղասեր մարդ եմ, եթե խաղաղություն է, եկե՛ք ապրենք խաղաղության օրենքներով: Մեր կողմից խախտում չի լինելու, բայց բոլոր ձեւերով պաշտպանելու եմ գյուղը: Ասում են՝ քսանութ տարի հող ենք պահել, ա՛յ հիմա է հող պահելու ժամանակը»:
Գյուղապետը հիշեցնում է, որ Աղավնոյի կարգավիճակը պատերազմից հետո հստակ չէ, ոչ ոք չի կապվել, չի եկել եւ ասել, թե ինչ վարչական տարածքի մեջ է մտնում գյուղը: «Եթե այսպես շարունակվի, մի օր էլ կդառնանք Աղավնոյի անկախ պետություն»,- կատակում է գյուղապետը՝ նշելով, որ արդեն իսկ ամեն ինչ անում են անկախության սկզբունքով, սեփական ուժերով:
Գյուղը նախկին Քաշաթաղի շրջանում էր, վարչական կենտրոնը Բերձորն էր: Հստակ չէ նաեւ Քաշաթաղից հայկական կողմին մնացած Բերձորի, Ներքին Սուսի կարգավիճակը: Նաեւ այդ պատճառով են բնակիչները դժվարանում վերադառնալ իրենց տները:
Սփյուռքահայերի «ԱՐԻ» ներդրումային ծրագրի շնորհիվ հիմնադրված Աղավնո գյուղը Աղավնո գետի ափին է՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանությամբ. Ստեփանակերտ տանող ճանապարհին հանդիպող առաջին գյուղն է։ Պատերազմից հետո հայտնվել է այն միջանցքի տարածքում, որի անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները։ Գյուղի սփյուռքահայ գյուղապետն ասում է, որ կարողանում է լեզու գտնել ռուսների հետ: «Եթե հող ու ջրիդ տերն ես, բոլորի հետ էլ լեզու կգտնես»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։