Արեւելագետ, ռեժիսոր Հայկ Պապյանը ցույց է տալիս Շուշիում թողած իր տան լուսանկարը, որի պատուհանները նայում էին դեպի Նարեկացի արվեստի միության բակ: Վեց տարի առաջ, երբ վերաբնակվեց Շուշիում, ստանձնեց կենտրոնի տնօրենի պաշտոնը: Պատերազմից 25 օր առաջ կենտրոնը նշեց հիմնադրման 14-ամյակը. հիմնադրվել էր 2006 թվականին: Բերդաքաղաքի ազատագրումից հետո Արցախի իշխանությունները շենքեր ու տարածքներ էին տրամադրում պայմանով, որ դրանք կկառուցվեն ու կշահագործվեն:
Ամերիկահայ բարերար, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի հովանավորությամբ կառուցված շենքը հետագայում դարձավ հարյուրավոր շուշեցի երեխաների երկրորդ տունը:
Ամբողջությամբ վերակառուցված շենքն ուներ դահլիճ, գրադարան, սրահներ, որտեղ երեխաներն անվճար արհեստ ու արվեստ էին սովորում, գործում էր գեղանկարչության, փայտագործության, մանրանկարչության, կարպետագործության, կավագործության, ժողովրդական նվագարանների, թատերական խմբակներ, միությունը համախմբելով շուշեցի շնորհալի երեխաներին՝ իրականացնում էր ուսուցողական, կրթական ծրագրեր:
Նարեկացի միություն սկզբում 200-300 երեխա էր հաճախում, հետագայում թիվը նվազեց՝ պայմանավորված քաղաքում ավելացող մշակութային կրթօջախներով:
Կենտրոնն իր ձեւաչափը, ուղղվածությունը փոխեց. ներկայացումներ, ջազային, երգչախմբային համերգներ էին անցկացվում նաեւ մեծահասակների համար, հաջողություն ունեցավ «Բրուտարտ» կավագործության միջազգային սիմպոզիումը, որը մեկ հարկի տակ էր հավաքում հայ եւ օտարազգի քանդակագործներին:
Ամեն ամառ Շուշիի եւ Ստեփանակերտի 300-400 երեխայի համար ճամբար էր կազմակերպվում: Կենտրոնն իր ուրույն ու հաստատուն տեղն ուներ Արցախի, Շուշիի մշակութային կյանքում: Միությունը երիտասարդ արվեստագետների համար առաջին քայլերն անելու, փորձ ձեռք բերելու լավ հարթակ էր, իսկ օտարերկրյա հյուրերի համար հրաշալի միջավայր բացահայտելու հայկական մշակույթն՝ իր ողջ գունապնակով:
«Շուրջ 2 մլն դոլարի կարողություն թողեցինք, արժեքավոր բազմաթիվ իրեր՝ երկու սիմպոզիումից ստացված քանդակներ, նկարներ, հորս՝ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի 5 կտավ, կարպետի հաստոցներ, երեխաների ձեռագործ կարպետներ, կերամիկական աշխատանքներ, հարյուրավոր կիլոգրամներով կավ, ներկանյութեր, տիկնիկներ: Ստվերների թատրոնի տիկնիկները այդպես էլ սեղանին մնացին, կարելի է միայն ենթադրել, թե ինչպես են ադրբեջանցի զինվորներն առանց վարանելու փչացրել տարիների մեր ստեղծածը,- ասում է Հայկ Պապյանն ու ավելացնում,- եթե մտքիս ծայրով անցներ, որ քաղաքը կընկնի, մի հնար կգտնեի՝ փրկելու եղածը»: Այսօր շուշեցի երեխաները Երեւանում են, մեկ է, չեն համակերպվում, որ Շուշիի կենտրոնի դռները փակվեցին իրենց առջեւ:
Հոկտեմբերի 29-ին, երբ ուժգնանում էին ԱԹՍ-ների հարվածները, Հայկ Պապյանը կենտրոնի կին աշխատակիցներին Հայաստան բերեց ու չկարողացավ վերադառնալ: «Շուշիի դարպասների մոտ թեժ մարտեր էին, տղաները չթողեցին, թե՝ մի օր էլ սպասիր, անգամ գամփռ շանս՝ Արիին էի թողել տանը: Առաջին անգամ Երեւան գնալիս միայն հասցրել եմ վերցնել կենտրոնին պատկանող դրոնը, մի տեսախցիկ ու ֆոտոխցիկ»: Պատերազմի վերջին օրերին կենտրոնի նկուղում մարդիկ են եղել: Հույս ունեին, որ ամեն ինչ կկարգավորվի:
«Հեքիաթների տուն»-ը եւ թատրոնի վարպետները
Շուշիի Նարեկացի միությունն իր գործունեությունն ընդլայնելու նպատակով եւս մի երկհարկանի շենք էր վերակառուցել՝ 600 քմ տարածքով: Հայկ Պապյանի նախաձեռնությամբ մաքրվեց կողքի շենքը՝ ճարտարապետական հորինվածքով հրաշալի մի կառույց, որ օգտագործվում էր որպես պահեստ:
«Համատեղ ուժերով, քարը քարին դնելով վերակառուցեցինք ու անվանեցինք «Հեքիաթների տուն»»,- պատմում է տիկնիկավար, դերասան Նվերը Ղարամանյանը, որի առջեւ տիկնիկների աշխարհի դռները բացվեցին դեռեւս պատանեկան տարիներին, երբ Երվանդ Մանարյանը Երեւանից բերել էր «Փոքրիկ փայտահատ» ներկայացումը: Լուսահոգի Մանարյանը Շուշիում տիկնիկային խումբ է ստեղծում, Նվերը միանում է խմբին, տարիներ անց Նարեկացի արվեստի միության մի մասնիկն է դառնում: Նվերը մինչ օրս ապրում է հերոսների աշխարհում, թեպետ ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ընթացքում տիկնիկներին փոխարինեցին զենքերը. կռվել է Մարտակերտում, Քաշաթաղում, Հադրութում:
«Արվեստանոցում ամեն մեկն իր գործառույթն ուներ, բայց մեկ ընտանիքի պես բոլորս լծված էինք ընդհանուր գործին, միասին էինք կերտում տիկնիկի կերպարն ու միասին ներկայացում բեմադրում»: Նոր վերակառուցված շենքի առաջին հարկում «Արտ կաֆե» սրճարանն էր գործում, երկրորդում՝ դահլիճը՝ թատերական ներկայացումների ու համերգների համար: Սրճարանում մատուցվող փախլավան ու թեյն անմոռանալի համ ունեին. վերջին մեկ տարում շուշեցիների սիրելի ժամանցային վայրերից էր»,- հիշում է Նվերը:
Բեմանկարիչ, տիկնիկագործ Արտակ Պողոսյանը Երեւանի Նարեկացի արվեստի միության փոքրիկ սենյակում նոր տիկնիկների էսքիզների վրա է աշխատում, բեմադրության են պատրաստվում, լավ միջոց է՝ հաղթահարելու ցավը, վերագտնելու ինքն իրեն: «Առաջին ազատամարտի ժամանակ օրագիր էի վարում, թողեցի Շուշիի արվեստանոցում,- պատմում է Արտակ Պողոսյանը,- ամեն օր գրում էի՝ եթե ողջ մնամ, այս կանեմ, այն կանեմ, կգնամ սովորելու: Պատերազմից հետո եկա Շուշի, քաղաքն ինձ իր գիրկն առավ, մնացի ու սովորեցի Գեղարվեստի ուսումնարանում, հետո ընտանիք կազմեցի: Նարեկացի միությունում սկզբում փայտի փորագրություն էի դասավանդում, հետո տիկնիկային արվեստով տարվեցի, բեմանկարչություն սովորեցի»:
Շուշիում ոչ միայն սիրելի կենտրոնը, տուն ու տեղն է թողել, այլեւ դստեր գերեզմանը, երկու տարի առաջ դժբախտ պատահարի պատճառով կորցրել է 12-ամյա դստերը. գերեզմանաքարը սեպտեմբերին էին դրել: «Այս տարիների ընթացքում վիշտս վերք դարձած պահել եմ սրտումս, միայն իմ խամաճիկներն ու արվեստի կենտրոնն էին օգնում դիմակայելու, բայց Շուշին լքելուց հետո դատարկվեցի ամբողջությամբ: Պատերազմի օրերին, երբ տարհանում էինք երեխաներին, համոզեցինք՝ մեզ էլ զենք տան: Տվեցին, բայց ոչ մի հրահանգ՝ ինչ ու ինչպես անել, ինչպես կռվի մասնակցել, զենքը ձեռքներիս ՝ փողոցից փողոց էինք գնում անորոշության մեջ: Հիմա ուզում են արդարանալ, բայց չկա ոչ մի արդարացում»:
Կենտրոնն ու թատրոնը կվերածնվեն
Նոր նախագիծ են մշակում, «Art Village» ձեւաչափով մշակութային կենտրոն են մտադիր բացել հայաստանյան գյուղերից մեկում: Մեղվաբուծության համար հարմար վայր են փնտրում, մշակույթի կենտրոնը համադրվելու է գյուղատնտեսության հետ, այդ գյուղի կյանքում կենտրոնը դրական փոփոխություն կբերի, սա պարտադիր պայման է: «Շուշիի կենտրոնը նույնությամբ չենք ստանա,- ասում է տնօրենը,- ո՛չ շենքի ճարտարապետությունը կարող ենք կրկնել, ո՛չ միջավայրը, փոխարենը կստանանք անշունչ մի կրկնօրինակ: Երեւանում մնալ, ինչ-որ բան ստեղծել չենք ուզում, սկզբունքային մոտեցում է: Նոր ու բոլորովին այլ կտավ կստեղծենք: «Նարեկացի արվեստի միություն. Շուշի» անվանումը հավանաբար կպահպանենք, ուր էլ լինենք, Շուշին մեզ հետ կլինի»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։