Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւը եւ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
ԵԽ անդամներն իրենց տարածած հայտարարության մեջ նշել են, որ լրջորեն անհանգստացած են Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին:
Եվրապատգամավորներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային վերաբերմունքը:
«Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաեւ նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին: Եւս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած հայ կալանավորվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն»,- ասված է Եվրախորհրդարանի անդամների հայտարարությունում: