ՀՀ ազգային ժողովը 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Թեեւ խորհրդարանական ընդդիմության այս նախաձեռնությունն ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ ստացել էր բացասական եզրակացություն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լիագումար նիստում առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին:
Ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ԱԺ նախագահը ռազմական դրության չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշումը ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ-ում կառավարության որոշմամբ ռազմական դրություն էր հայտարարված նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից` ղարաբաղյան երկրորդ պատերազմով պայմանավորված: