Չորսօրյա աշխատանքային այցով Չինաստան մեկնած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի իր գործընկեր Վանգ Յիի հետ մամուլի համատեղ ասուլիսում ասել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը ամեն ինչ կանեն իրենց ֆինանսական եւ առեւտրային անվտանգությունն անբարյացակամ տրամադրված երկրների սպառնալիքներից ապահովելու համար։
Լավրովը մեղադրել է Արեւմուտքին՝ ասելով, թե Եվրոպայում ազգային շահով առաջնորդվող եզակի երկրներ են մնացել, որոնք Ռուսաստանի հետ պահպանում են գործընկերային հարաբերությունները։
Չինաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը Լավրովը Ռուսաստանի եւ մնացյալ աշխարհի միջեւ փոխհարաբերությունների ներկա իրավիճակը բնութագրել է՝ յուրովի վերաձեւակերպելով Էրիխ Մարիա Ռեմարկի նշանավոր «Արեւմտյան ճակատում անփոփոխ է» վեպի վերնագիրը. «Արեւմտյան ճակատում մեզ մոտ անփոփոխ է, իսկ Արեւելքում շատ ինտենսիվ օրակարգ ունենք, որը յուրաքանչյուր տարի հարստանում է»:
Կողմերը համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության մեծ պայմանագիրը, որի 20-ամյակը լրանում է այս տարի։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում դոլարով հաշվարկներից եւ «Արեւմուտքի կողմից վերահսկվող» վճարային համակարգերի օգտագործումից հրաժարվելը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի համար նվազեցնելով պատժամիջոցների կիրառման հետ կապված ռիսկերը:
Խստորեն հակադարձելով ԱՄՆ-ի կամայական քայլերին՝ Լավրովն ասել է. «Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է դիմագրավեն ԱՄՆ-ի ճնշմանը եւ միասին ձգտեն պահպանել ընդհանուր շահերը, միջազգային կայունությունն ու համագործակցությունը»:
Սերգեյ Լավրովը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահմանները բացելու եւ հաղորդակցությունը վերսկսելու համար՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակի թելադրած կարանտինի խիստ սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացվեն, իսկ հետո ամբողջությամբ չեղարկվեն:
ՌԴ արտգործնախարարը Չինաստանից հետո կմեկնի Հարավային Կորեա:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը