Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 5» հեռուստաալիքին տված հարցազրույցում անհանգստություն է հայտնել, որ Թուրքիան փորձելու է ազդել գալիք ընտրությունների վրա՝ չմանրամասնելով՝ հատկապես Ֆրանսիայի որ ընտրությունները նկատի ունի՝ հունիսին կայանալիք շրջանայի՞ն, հաջորդ տարվա նախագահակա՞ն, թե՞ երկու ընտրություններն էլ:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան նախեւառաջ «խաղալու է հասարակական կարծիքի վրա»: Ամենայն հավանականությամբ, ըստ ֆրանսիական մամուլի՝ Մակրոնն ակնարկել է Թուրքիայի կողմից դպրոցների, մզկիթների եւ այլ կազմակերպությունների միջոցով թուրքական համայնքի որոշակի հատվածի վերահսկողությունը:
Մակրոնը շեշտել է, որ Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելը չի կորցրել հրատապությունը, հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ֆրանսիայի խոշոր առեւտրային գործընկերն է եւ Միջին Արեւելքից Եվրոպա անօրինական ներգաղթի դեմ պայքարի կարեւոր դաշնակից:
Մակրոնը խոստովանել է նաեւ, որ թուրքական գործոնը անտեսել հնարավոր չէ, հակառակ դեպքում թուրքերը կբացեն դարպասը, եւ իրենց ճամբարներում ապաստանած 3 միլիոն սիրիացի փախստական կթափանցի Եվրոպա:
Երկրորդ ժամկետին վերընտրվել փորձող Ֆրանսիայի նախագահն իր ընտրարշավում կարեւորել է իսլամի եւ անվտանգությանն առնչվող հարցերը, որը վերլուծաբանները գնահատում են որպես ուլտրաաջ ուժերի առաջնորդ Մարին լը Պենի կողմնակիցներին իր կողմը գրավելու փորձ:
ԵՄ առաջնորդները Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկելու են այս շաբաթ տեղի ունենալիք բրյուսելյան գագաթաժողովում: