Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ընտրություններին եւ, ինչպես ինքն է պնդում՝ կհաղթի։ Կարող է մասնակցել եւ կարող է հավատալ իր հաղթանակին՝ իր գործն է։
Օրինական ու արդար ընտրությունների պարագայում նրա հաղթանակն, իհարկե, քիչ հավանական է։ Բայց Նիկոլ Փաշինյանն իր աղետաբերությամբ, իր ձախողումներով, իր սխալականությամբ, իր անկարողությամբ իրավունք ու հիմք է տվել, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնա ու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի, ե՛ւ Սերժ Սարգսյանը հպարտ կեցվածքով երեւա հանրությանն ու, իր պատկերացմամբ, դարակազմիկ հարցազրույցներ տա, ե՛ւ նրանց մերժված թիմակիցները՝ հեռացած ու մոռացված լինելու փոխարեն քաղաքական օրակարգ թելադրեն։
Երեք տարի է նա Քոչարյան-Սարգսյանին ու նրանց շրջապատին է իրեն ընդդիմություն կարգել։ Նրանց է քաղաքական էլիտա համարում, նրանց հետ է բանավիճում, նրանց վերադարձով է փորձում հանրությանը սարսափեցնել-մոլորեցնել-հնազանդեցնել եւ իր դիրքերն ամրապնդել։
Փաշինյանը, պարզ է, մեր պատմության էջերում որպես ամենաամոթալի, ամենաձախողված ու ամենանվաստ կերպար է մնալու։ Իշխանության երկարաձգման մոլուցքով տարված չի էլ պատկերացնում, թե ինչ անողոք դատավճիռ է պատմությունն իրեն կարդալու։ Չգիտակցելով պատմության կարեւորությունը՝ նման դատավճռից խուսափելու փորձեր չի էլ ձեռնարկում։ Ավելին, հասկանալով, որ հատել է «չիկարելիի» բոլոր հնարավոր սահմանները՝ որպես իր անփառունակ գործունեության վերջակետ, որպես վերջին մի վատություն՝ իր քայլերով կամա թե ակամա կարող է մեզ Քոչարյան պարգեւել։
Փաշինյանի կերտած իրականությունն է, որ Ռոբերտ Քոչարյանին վերադարձի իրավունք է ընձեռել։ Բայց վերադարձից առաջ, հատկապես այս սարսափելի պատերազմից ու այս խայտառակ պարտությունից հետո, Քոչարյանը մեկ կաեւոր հարցի պետք է պատասխանի։ Իր հետ միասին նույն հարցին եւս մի քանի հոգի պետք է պատասխանեն՝ առաջին հերթին Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վարդան Օսկանյանը, լավ կլիներ նաեւ Վազգեն Սարգսյանը, բայց այս կյանքում նրան հաշիվ ներկայացնել ու նրանից հաշիվ ստանալ, ցավոք, չենք կարող։
Այս մարդիկ պետք է բացատրեն, թե ի՞նչ էին 1998-ին խոստանում հայաստանցուն։ Ի՞նչ մեծ հաջողություններից էին խոսում, ի՞նչ «ավելին քան ունենք» էին խոստանում, ինչի՞ն էին դեմ եւ ինչի՞ն էին կողմ։ Առաջին հայացքից հարցն այսօր կարող է ժամանակավրեպ թվալ՝ տարիներ են անցել, բայց քանի որ այս մարդիկ ոչ միայն մասնակցում են ընթացիկ զարգացումներին, այլ նաեւ խոստանում են մասնակցել գալիք ընտրություններն ու հաղթել, ուրեմն, պետք է 1998-ի խոսակցությանը վերադառնանք։
Որովհետեւ 1998-ին հենց այս մարդկանց դիրքորոշումն է պատճառ հանդիսացել, այնուհետեւ այս մարդկանցով է պայմանավորված եղել, որ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, հասնի մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի վերջ ու այս աղետին հանգեցնի։
23 տարի առաջ նրանք էին հանդես գալիս «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսով։ Փոխզիջումներով հարցը կարգավորելու կողմնակիցներին պարտվողականի ու դավաճանի պիտակ էին փակցնում։ Խոստանում էին մատուցել մեզ Հայաստան + Ղարաբաղ + անվտանգության գոտի համարվող շրջաններ։
Նրանց ասվում էր, որ սա հնարավոր չէ։ Որ իրենց մաքսիմալիզմն ի վերջո պատերազմի ու պարտության է հանգեցնելու։ Ասվում էր, որ ճիշտ այդպես եղել է 1918-21 թվականներին՝ արդյունքում ծանրագույն կորուստներ ենք ունեցել։
Առաջարկվում էր կարդալ այդ շրջանի պատմությունը, կարդալ այդ շրջանի գործիչներին, հասկանալ նրանց սխալներն ու չկրկնել դրանք։ Բայց սրանք կարդալ չէին ուզում (սովոր չեն), լսել չէին ուզում՝ իշխանություն էին ուզում ու մեկ էլ անզիջում ու խրոխտ երեւալ էին ուզում։ Եւ գլուխը քարը, թե ինչ է լինելու հետո։
Իսկ «հետո»-ն եղավ։ Չլինել չէր կարող։
Ու հիմա, երբ այլեւս իրականություն են դարձել ամենավատ կանխատեսումները, որոնց մասին զգուշացվում էին նրանք ժամանակին՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնելուց առաջ կամ պետք է ընդունեն, որ մեկ-երկու քայլ առաջ հաշվել չկարողացող միամիտներ են եղել, կամ պետք է խոստովանեն, որ 1998-ի ողջ աղմուկ-աղաղակը իշխանություն խլելու համար էր, իսկ Հայաստանի ու Արցախի ապագան երբեք էլ իրենց չի մտահոգել։
Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է բացատրել 1998-ի իրենց քայլի իրական պատճառը։ Պարտավոր է ընդունել այսօրվա համար պատասխանատվության իր բաժինը ու նոր գնալ ընտրությունների։ Որովհետեւ մենք այսօր քաղում ենք 1998-ին ցանած սերմի պտուղները։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։