Ասում են՝ Արցախի բրենդ դարձած ժենգյալով հացի իրական համը միայն Արցախում կարելի է ստանալ, տիկին Ստելլան հակադարձում է՝ սիրով պատրաստելու եւ կանաչեղենի ճիշտ տեսականին օգտագործելու դեպքում համը նույնն է՝ Հայաստանի որ անկյունում էլ լինես: Մի կարեւոր կանոն է սահմանել` ավանդականը պատրաստել յուրովի:
Կարմանտյուկ կամ կնձմնձուկ, կռնանջուկ, բազուկի տերեւ, ճռճռուկ, թրթնջուկ, եղինջ, սինձ, պտուտկուն… սեղանին 17 տեսակի կանաչի է դրված, ժենգյալով հաց թխելու բաղադրատոմս արցախցի բոլոր կանայք գիտեն, բայց համարձակություն ոչ բոլորն ունեն, այս գործում ոչ մի գրականություն չի օգնի, պետք է այնքան փորձես, որ լեզուն գտնես: Պատերազմից հետո տիկին Ստելլան որդու հետ որոշել է արցախյան խոհանոցի համը Երեւանում տարածել, այդպես էլ անվանել են՝ Taste of Artsakh: Սկզբում տնային պայմաններում էին պատրաստում, վերջերս վարձակալել են 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում գտնվող այս տարածքը, ընկերուհու հետ են աշխատում:
Շենքերի բնակիչներն արդեն գիտեն՝ որտեղից գնեն լավ ժենգյալով հաց, մեծ պահանջարկ ունի նաեւ յուղաբլիթ քաղցրեղենը՝ թերթերուկը: «Այս գործն ինձ շեղում է տանջող մտքերից, օգնում կտրվելու իրականությունից»,- ասում է տուն ու տեղը կորցրած Ստելլա Բաղդասարյանը: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից են տեղահանվել, գյուղի մասին խոսելիս հուզվում է: «Կյանքիս ամենադժվար որոշումն էր հեռանալ Ավետարանոցից, թողնել տունս, ամուսնուս գերեզմանը, առաջնագիծ մեկնած որդուս, թեպետ տղաս վստահեցնում էր՝ հետ ենք գնալու: Տղայիս հորդորով եմ դուրս եկել, մեկ-երկու անհրաժեշտ իր վերցրի. ափսոսում եմ համակարգչի համար, որի մեջ ընտանեկան լուսանկարների մեծ պահոց կար»:
Հիմա մի ցանկություն ունի՝ խաղաղություն ու գերիների վերադարձ, մնացած ամեն ինչ որդու հետ կստեղծի: Իսկ որդին Taste of Artsakh-ն ընդլայնելու հեռահար ծրագրեր ունի: Ամեն ամիս արցախյան երկու նոր ուտեստ կավելացնեն, մոտ 15 տեսակի կերակրատեսակ կընդգրկեն ցանկում: Օհանավան գյուղում՝ ընկերոջ առանձնատան տարածքում, նաեւ թոնիր կտեղադրեն՝ գաթա թխելու համար, երեւանյան պայմաններում եւս հնարավոր էր գործը գլուխ բերել, բայց միայն թոնիրը կարող է արցախյան գաթայի համը ապահովել:
«Միհրանն այնտեղ էլ պարապ չէր նստում, միշտ մի գործով զբաղված էր, փնտրտուքի մեջ»,- ասում է տիկին Ստելլան: Միհրանն էլ հավելում է՝ մարդու առաջին պարտքը աշխատելն ու աշխարհը լավացնելն է, հավատացնում է՝ Ավետարանոցի բոլոր բնակիչներն են արարող ու աշխատասեր: Միհրանը մոր հետ էր ապրում Ավետարանոցում, երկու քույրերը Ստեփանակերտում էին ամուսնացել: Անասնապահական ֆերմայի գործերով էր զբաղված. շուրջ 80 գլուխ խոզ ունեին, նոր տեսակներ էին բերել, թռչուններից էր մեծ եկամուտներ ստանում, նաեւ գինու արտադրությամբ էր զբաղվում, օղի էր թորում:
«Սերկեւիլի ու խաղողի համադրմամբ վարդագույն գինու տեսակ էի ստացել, որը Տող գյուղում անցկացվող ամենամյա գինու փառատոնին ներկայացրի: Փորձնական քանակը նույն օրը բարձր գնով սպառվեց,- հիշում է Միհրանը,- Արցախի պետական այրերն էլ գնահատեցին «Ավետարանոց» գինին»:
Շուկան էր ուսումնասիրում, հնեցված գինիներ էլ ուներ, մեծ արտադրության էր պատրաստվում:
Միհրան Բաղդասարյանը հարեւան՝ Մոխշհատ եւ Մադաթաշեն գյուղերի դպրոցներում պատմություն ու աշխարհագրություն էր դասավանդում: Հայրենի բնաշխարհը լավ ճանաչող պատմաբանն ասում է՝ Ավետարանոցն Արցախի այն եզակի համայնքներից էր, որտեղ երբեք ադրբեջանցիներ չեն ապրել, ի տարբերություն արցախյան շատ համայնքների, որտեղ նրանք փոքրամասնություն էին կազմում: Նույնիսկ երկու-երեք ընտանիքի մասին խոսք լինել չի կարող, դա էլ պայմանավորում է գյուղի աշխարհագրական դիրքով:
«Ադրբեջանցիները՝ որպես միջինասիական ցեղախումբ, սովորաբար ոչխարաբուծությամբ էին զբաղվում, իսկ Ավետարանոցն իր հարակից տարածքներով լեռնային, անտառային գոտում է, նպաստավոր պայմաններ, ըստ էության, նրանց համար չկային: Միայն ամռան ամիսներին վրանաբնակները Քիրս սարի լանջերին էին ժամանակավորապես տեղավորվում, ոչխար արածեցնում, բայց մշտական բնակություն երբեք չեն հաստատել Ավետարանոցում»:
Ս. Աստվածածին եկեղեցի, Ս. Նշան Կուսանաց անապատ, Սրբոց Ղեւոնդյանց վանք, Մելիք-Շահնազարյանների ապարանքներ… պատմամշակութային կոթողներով հարուստ համայնքը վերջին տարիներին զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում էր հայտնվել: «Ավետարանոցը՝ որպես Վարանդայի մելիքության նստավայր, դարերի ընթացքում անառիկ է եղել,- փաստարկներ ներկայացնելով՝ վստահեցնում է Միհրանը,- անգամ առաջին ազատագրական պայքարի ժամանակ որպես ապահով վայր հենց մեր գյուղում էին մարդիկ ապաստանում: Այն, որ Ավետարանոցը հնարավոր եղավ գրավել, պարզապես վատ սցենարով ներկայացում էր»: Պատերազմի առաջին օրերին գումարտակով Հադրութ է մեկնել:
Առաջնագծում մնացել է մինչեւ հոկտեմբերի 23-ը: Երբ հերթափոխին եկավ տուն, հաջորդ օրը հայտնեցին, որ հետ գնալու իմաստ այլեւս չկա. այդ ուղղությունը վերցրել էր թշնամին: «Միացա գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, թշնամու զորքերը հասել էին մեր համայնք: Անկազմակերպ վիճակ էր. ԱԿ 5/45 զենք ունեինք միայն, չունեինք ականանետ, կապի միջոց, կապավորներ, հրամանատար, որ ռազմավարական քայլեր ձեռնարկեր: ՊԲ–ի Մատաղիսի 4-րդ գումարտակը եւ հատուկ ուժայինները եկան, մի գիշերում հարձակվեցինք, երկու-երեք խմբավորում էինք դարձել գյուղում, մեկը մյուսից անտեղյակ: Ուժայինները գնացին, մնացինք մեր ջոկատն ու Մատաղիսի 4-րդ գումարտակը: Իսկ հոկտեմբերի 27-ին գումարտակն առանց մեզ զգուշացնելու դուրս էր եկել Ավետարանոցից, մեր ջոկատն էլ, չկարողանալով միայնակ պահել գյուղը, նահանջեց»: Նոյեմբերի 25-ին Միհրանը զինվորական համազգեստով Երեւան է հասել, մոր հետ ապաստանել հյուրանոցներից մեկում: Այնտեղ աշխատանքի առաջարկից հրաժարվել է. նախապես ծրագրել էր՝ ժենգյալով հացի արտադրությամբ էր զբաղվելու:
Պատմության ուսուցիչը լավատես է՝ պատմությունը մեզ լլկել է, կողոպտել, բայց մնացել ենք դեպի լույսը ձգտող ժողովուրդ, վստահեցնում է՝ հաջորդ տարի էլ Taste of Artsakh-ի մասնաճյուղ կբացենք Ստեփանակերտում, ով գիտի, գուցե մի օր էլ՝ Ավետարանոցում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։