Բրիտանական BBC գործալալության նկարահանող խումբն արձանագրել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ Հադրութի շրջանի Մեխակավանում (Ջաբրայիլում) ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:
Լրագրող Ջոնահ Ֆիշերը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, բայց դժվարացել է այն գտնել: Ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը ասել է, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին:
Բրիտանացի լրագրողը հեռախոսով տեղորոշել է եկեղեցու վայրը, սակայն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու փոխարեն բլրում հայտնաբերել է հիմնահատակ ոչնչացված շինությունից մնացած մի քանի քար միայն:
Ջոնահ Ֆիշերը համեմատել է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը եւ համոզվել, որ հենց եկեղեցու տեղում են:
Լրագրողը կրկին դիմել է ադրբեջանցի ոստիկանին՝ հարցնելով, թե ուր է եկեղեցին, որը պատասխանել է, որ երեւի ոչնչացվել է պատերազմի ժամանակ: «Հնարավոր չէ, որ պատերազմի ժամանակ ոչնչացված լինի, քանի որ տեսանյութերում երեւում է, որ այստեղ ադրբեջանցիներ են եկել»,- հակադարձել է Ֆիշերը՝ ցույց տալով տեսանյութ, որում երևում է, թե ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո ինչպես են ադրբեջանցի զինծառայողները պղծում եկեղեցին. նրանցից մեկը բարձրացել է եկեղեցու գմբեթին՝ փորձելով տապալել խաչը:
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ Ֆիշերը վերջինիս ցույց է տվել նախկին՝ 2017-ին արված հայկական եկեղեցու լուսանկարն ու 2021-ին արված ամայի բլրի լուսանկարը՝ արձանագրելով, որ եկեղեցին հիմնովին ավերված է: Ի պատասխան Հաջիեւը միայն տարակուսել է՝ ասելով, որ ինքը տեղյակ չէ, եւ այդ տեղեկությունը պետք է ստուգվի:
Նշենք, որ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի եւ ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձեւով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախեւառաջ վանդալիզմի զոհ է»,- ասված է հայտարարության մեջ: