«Պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էի։ Սեպտեմբերին 25-ին մեզ դիրքեր հանեցին, 27-ին էլ պատերազմը սկսվեց»,- պատմում է գյումրեցի տասնիննամյա Արշակ Գասպարյանը։
Ծառայել ու մարտական գործողություններին մասնակցել է Հադրութում։ Պատերազմը հիշել ու խոսել դրա մասին այդքան էլ չի ցանկանում․ շատ դաժան էր։ «Արկը գալիս էր, թե հասցնեիր փախչեիր, կփրկվեիր, եթե չէ… Բայց դե հայրենիքի համար էինք կռվում, պատրաստ էինք կյանքներս էլ տալու»,- ասում է Արշակը։
Պատերազմի շատ այլ մասնակիցների նման Արշակն էլ է պնդում, որ սա օդային պատերազմ էր, զենքի կռիվ․ «Ավտոմատը, որ դրել էին մեր ձեռքը, մենք դրանով հրետանի կարո՞ղ էինք խփել»։ Արշակը չի ընդունում, որ մենք պարտվել ենք։ Ասում է՝ մենք պարզապես արդեն իսկ թշնամուն տված հողերն ենք վերադարձրել իրենց։ Տղայի կարծիքով, եթե չլինեին նախկին իշխանությունների հայրենադավ գործողությունները, հիմա այսպես չէր լինի։ Իսկ եթե չստորագրվեր փաստաթուղթը, որով պատերազմը դադարեցվեց, վիճակն ավելի վատ կլիներ․ կկորցնեինք ամբողջ Արցախը, գուցե Հայաստանն էլ ու անհամեմատ ավելի շատ զոհեր կունենայինք։
«Մինչեւ պատերազմին մասնակցելը չէի գիտակցում, թե դա իրականում ինչ է։ Երբ պատերազմը սկսվեց, ինն ամսվա ծառայող էի։ Իրական պատերազմը սարսափելի է։ Զգացողությունները շատ ծանր են։ Միայն փորձեք պատկերացնել, թե ինչ կարող ես զգալ, երբ կողքիդ մարդիկ են զոհվում, տասնութ տարեկան շատ տղաներ են ընկնում։ Դա անտանելի է։ Քեզ էլ ստիպում է, որ ավելի գնահատես քո կյանքը, որովհետեւ գիտակցում ես, որ ամեն պահի կարող ես այն կորցնել։ Թող էլ երբեք պատերազմ չլինի»,- ասում է Արշակը։
Պատերազմի ընթացքում Արշակը վիրավորվել է ու ազատվել զինվորական ծառայությունից։ «Դիրքերից դուրս եկա, որ գնամ, հաց բերեմ։ Հենց դուրս եկա, բլինդաժը տրաքացրին։ Տղաները զոհվեցին, ինձ էլ էդ հարվածի ալիքը հասավ։ Էդպես, կանտուզիա ստացա»։
Արշակի բուժման ծախսերը հոգացել է պետությունը, բայց գումարը, որ տալիս են վիրավոր զինծառայողներին, չի ստացել։ Արդեն 3 ամիս է, ինչ հիվանդանոցից դուրս է գրվել ու հայտ է լրացրել, որ պետության այդ օժանդակությունը ստանա, բայց դեռ լուր չկա։ Արշակի ընտանիքում միակ աշխատողը հայրն է․ արտագնա աշխատանքի է մեկնում։
Ամբողջովին ապաքինվելուց հետո նա ցանկանում է ավտոպահեստամասերի խանութ բացել։