Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԵՄ-ն հայտնել է, որ մեծացնելու է ֆինանսական ու քաղաքական աջակցությունը, որպեսզի մինչեւ 2030-ը Եվրոպայի գյուղատնտեսական հողերի մեկ քառորդն օրգանական լինի։
ԵՄ-ում մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի մոտ 10 տոկոսն առաջանում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում: Կլիմայական փոփոխությունների ազդեցությանն առաջին հարվածը հասցվում է գյուղատնտեսությանը. ջերմային ալիքները եւ երկարատեւ երաշտները հանգեցնում են բերքի ծավալի նվազեցման։
Գյուղատնտեսական օրգանական հողերը, որոնք սահմանափակում են քիմիական պարարտանյութերի, թունաքիմիկատների, սինթետիկ պարարտանյութերի եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառումը, վերջին տասնամյակում ԵՄ-ում ընդլայնվել են ավելի քան 60 տոկոսով՝ կազմելով գյուղատնտեսական տարածքի գրեթե 9 տոկոսը։