Արցախի Ազգային ժողովն ընդունեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Ըստ օրինագծի՝ հայերենը պահպանում է Արցախի Հանրապետության միակ պետական լեզվի կարգավիճակը, ռուսերենին շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Նախագծի հեղինակներն օրենքի անհրաժեշտությունը հիմնավորել են նրանով, որ Արցախում «ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության եւ բազմաթիվ սոցիալական եւ հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցությունը պահանջում են ռուսաց լեզվի դերի վերագնահատում: Հենց այս նկատառումներով է թելադրվում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»: