Ըստ թուրքական Անադոլու գործակալության՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ավելի սերտ համագործակցության կոչ է արել՝ ընդգծելով Անկարայի ռազմավարական կարեւորությունը փախստականների խնդրի եւ տարածաշրջանի կայունության հարցում։
«Թուրքիան սոսկ ՆԱՏՕ-ի գործընկերն ու դաշնակիցը չէ, նա մեր սերտ հարեւանն է ու ռազմավարական գործընկերը, քանի որ Եվրամիությանը սահմանակից երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է»,- ասել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը բարձր է գնահատել Արեւելյան Միջերկրածովում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ Թուրքիայի վերջին քայլերը՝ նշելով, որ աջակցում է Թուրքիայի եւ Հունաստանի խնդիրներն ու ծովային վեճերը լուծելուն ուղղված բանակցություններին:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելի՝ բրյուսելյան գագաթնաժողովի համար պատրաստած զեկույցում առաջարկվում են ԵՄ-Թուրքիա կապերի վերականգնման նոր քայլեր` վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, բանակցություններ ծավալել 25-ամյա Մաքսային միության արդիականացման շուրջ եւ թարմացնել 2016 թ. ԵՄ-Թուրքիա փախստականներին առնչվող գործարքը: Զեկույցի վերաբերյալ առարկություններ են արտահայտել ԵՄ անդամ Հունաստանն ու հունական կիպրոսցիների վարչակազմը։