Կուբայից Գերմանիայի ճանապարհին օդանավում մահացել է 2009-ից Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում ընդգրկված տխրահռչակ պատգամավոր Կարին Շտրենցը, որի դեմ գործ էր հարուցված՝ Գերմանիայում ադրբեջանական շահերն առաջ քաշելու մեղադրանքով:
53-ամյա Շտրենցը թռիչքի ժամանակ անսպասելի կորցրել է գիտակցությունը, որից հետո անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Դուբլինի օդանավակայանում: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Ինչպես արդեն նշել էինք, նախորդ տարվա հունվարի վերջին Բունդեսթագը Շտրենցին զրկել էր խորհրդարանական անձեռնմխելիությունից՝ 2014-ին եւ 2015-ին միջնորդ ընկերության միջոցով Բաքվից 22000 եվրո կաշառք ստանալու համար:
Դեռուս 2018-ին Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել էր նրան զրկել պատգամավորական իմունիտետից եւ հետաքննություն սկսել Ադրբեջանից կաշառք ստանալու գործով:
2019-ին Բունդեսթագը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մերձավոր զինակից Կարին Շտրենցին խիստ նկատողություն արեց՝ պատգամավորական նորմերի խախտման համար. նա անհրաժեշտ ժամկետում չէր ներկայացրել իր կողմնակի եկամուտների մասին հայտարարագիրը, երբ նրան բռնացրել էին Եվրոպայում Բաքվի շահերը պաշտպանելու դիմաց կաշառք վերցնելիս: Նկատողությունից բացի, Շտրենցին սպասվում էր 10 հազարից մինչեւ 99 հազար եվրոյի տուգանք:
Նրա նկատմամբ կասկածներ ի հայտ եկան դեռ 2017-ին՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ: Մասնավորապես, նրա անունը հիշատակվում էր 2018-ի ապրիլին անկախ փորձագետների զեկույցում՝ Եվրոպայում Բաքվի շահերը պաշտպանելու դիմաց կաշառք ստանալու գործում:
Փաստաթղթում նշվում էր, որ Ադրբեջանից կաշառք վերցնելու գործով Շտրենցի հանցակից է համարվում նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, որն իրեն պատկանող եւ Բաքվից ֆինանսավորվող Line M-Trade խորհրդատվական ընկերությունում Շտրենցին աշխատանքի էր տեղավորել: Թեեւ Շտրենցը հետագայում հայտարարել էր, որ տեղյակ չի եղել ընկերության ֆինանսավորման աղբյուրի մասին, սակայն այդ հայտարարությունը ոչ ոք լուրջ չընդունեց:
2015-ին Շտրենցը Գերմանիայից ԵԽԽՎ միակ եվրապատգամավորն էր, որը դեմ էր քվեարկել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու ԵԽԽՎ-ի պահանջին։
Կոռուպցիոն մեղադրանքների առնչությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2018-ի սկզբին դադարեցրեց Բունդեսթագի կողմից նրա անդամակցությունը, իսկ 2018-ի հունիսին ցմահ արգելք դրեց ԵԽԽՎ-ում Շտրենցի գործունեության վրա՝ պատգամավորի վարքագծի կոդեքսը խախտելու համար:
Նշենք, որ Շտրենցի գործունեությանն անդրադարձել ենք Եվրոպայում ադրբեջանական լոբբինգի մասին մեր նախորդ նյութում: