Տիկին Սուսաննան իր տուն եկողներին թեյ է հյուրասիրում ու հավաստիացնում, որ Հադրութի դաշտերի խոտաբույսերից պատրաստված թեյի հետ ոչինչ չի համեմատվի: Ջրակուսի տանն է թողել ամեն ինչ, իր հետ վերցրել է միայն փաստաթղթեր ու հուսահատության, տագնապի մեծ չափաբաժին: 150 հոգու հետ ապաստանել են ԵՊՀ հանրակացարանում: Ընտանիքներին ամեն օր տրամադրվում է անվճար, պատրաստի սնունդ, ստանում են նաեւ հոգեբանական աջակցություն:
Սպասք, կենցաղային իրեր գնելու իմաստ էլ չի տեսնում, միեւնույնն է, ասում է՝ մի օր դուրս են գալու հանրակացարանից, չգիտեն՝ ուր եւ երբ են գնալու: Պետությունից ստացած 300000-ական դրամը խնայողաբար են օգտագործում, չորս երեխա ունեցող ընտանիքը գումարն ավելի կարեւոր ծախսերի համար է պահում: Երկու տղաները Կոտայքի մարզում աշխատանք են փնտրում: «Երեսուն տարի աշխատել ենք, տուն ստեղծել, երեխաներին մեծացրել, հիմա էլ ի՞նչ պիտի անենք, որ էդքանը ստեղծենք՝ չգիտեմ»:
Տիկին Սուսաննան ցույց է տալիս շնորհակալագիրը, որդին՝ Վահեն է ստացել լավ ծառայության համար, Ասկերանի զորամասում էր ծառայում, երբ պատերազմը վրա հասավ. «Վլադիկս տուն էր եկել աշխատանքից, դուրս թռավ, թե՝ ես գնում եմ Հադրութ, ընկերներս այնտեղ են: Ասում էր՝ մա՛մ, տնից դո՛ւրս արի, մա՛մ, գնա՛ մի տեղ: Ո՞ւր գնայի. մի տղաս՝ Ասկերանում զինվոր, մի տղաս՝ Ջաբրայիլում: Հինգ օր անցավ, եղբայրս եկավ հետեւիցս, տղաս էլ Հադրութից զանգեց, ասաց՝ դիվերսիա է մտել, դո՛ւրս արի: Ո՞վ կպատկերացներ՝ թուրքը կհասնի Հադրութ»:
Ծանր սպասումի օրերն անցյալում են, հույսի ու հուսահատության միջեւ իր ընտրությունը տիկին Սուսաննան կատարել է. կարեւորը որդիներն ու ամուսինը ողջ ու առողջ վերադարձել են, դժվարությամբ, բայց նորից տուն կստեղծեն: Բնակարանի համար գրանցվել են Արցախում, սպասում են:
«Հայրս ազատամարտիկ էր, գերեզմանն ենք թողել այնտեղ: Հուշարձան էին տեղադրել՝ անունները գրված». Սուսաննան ասում է՝ թերևս, դա իրենց ամենամեծ ցավն է:
Ջրակուսի մասին խոսելիս տիկին Սուսաննայի դեմքին ժպիտ է հայտնվում: Փոքրիկ գյուղը ջրառատ լինելու պատճառով հնում Ջրակուս են անվանել. աղբյուրներով հարուստ գյուղ էր: Միավորված էր Տող գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությանը։ Տիկին Սուսաննան մեծ ափսոսանքով է խոսում Ջրակուսի պատմամշակութային հուշարձանների՝ 1698 թվականին կառուցված Ս. Ստեփանոս եւ 5-12-րդ դարերին թվագրվող Կաքավավանքի մասին: Ջրակուսցիների սիրելի վայրերից էին նաեւ 14-րդ դարի Համամի ու 18-րդ դարի Հաթամի կամուրջները:
Ապագա ունեցող գյուղ էր, հող էին մշակում, անասուն պահում, ոմանք նոր էին սկսել այգիներ, բանջարանոցներ հիմնել: Վերջապես լուծվել էր ջրի խնդիրը, պատերազմից մեկ ամիս առաջ էլ համայնքում ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքներ էին մեծ թափով ընթանում, մտադիր էին ավարտել 2021-ին:
Այսօրվա Ջրակուսը բոլորովին այլ է. ամայի, հրդեհված տներով, ավերված շենքերով… ադրբեջանական մամուլի տարածած տեսանյութերում ամեն օր իրենց գյուղն են փնտրում: Բարեկամները ամբողջ Հայաստանով ցրված են, ով որտեղ կարողացել, տեղավորվել է: Հադրութի շրջանի 13000 բնակիչ պատերազմից հետո անտուն է մնացել: Տիկին Սուսաննայի մայրը Արտաշատի Դալար գյուղում է ապաստանել:
«Գյուղապետը, հարեւանները ուտելիքը սկուտեղներով բերում են, շատ գոհ ու շնորհակալ եմ Դալար գյուղի ժողովրդից, ամեն ինչով օգնում են, չէի սպասում»,- պատմում է տիկին Ռոմելան: Կյանքի երրորդ պատերազմն է վերապրում: Առաջինը ամուսնուն է խլել, ապրիլյան քառօրյայի ընթացքում նյարդային հիվանդություններն ու օնկոլոգիական խնդիրները գլուխ բարձրացրին, 44-օրյա պատերազմն էլ զրկեց տուն ու տեղից:
«Բոլոր դեղերը ես եմ գնում, ասում է տիկին Ռոմելան,- ինչ եկել եմ, ոչ մի տեղից բժշկական օգնություն չեմ ստացել, միայն երբ շատ վատ էի, շտապօգնությունը եկավ, սրսկեց, դեղ նշանակեց, գնացի առա: Հիպերտոնիայով հիվանդ եմ, նյարդերս խանգարվել են: Երկու անգամ գնացել եմ պոլիկլինիկա, դեղերը նշանակել են, ես եմ գնացել, գնել»: Շատերի պես տիկին Ռոմելան էլ տեղյակ չէր տեղահանված արցախցիներին անվճար տրվող շուրջ 500 անուն դեղորայքի մասին: Ցանկում ընդգրկված են եւ՛ ցավազրկողներ, ե՛ւ հակաբիոտիկներ, ե՛ւ արյան համակարգի վրա ազդող դեղամիջոցներ: Պարզապես պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, հաշվառվել՝ ներկայացնելով փաստաթղթերը, եւ օգտվել բժշկի կողմից ցուցված, հասանելիք անվճար դեղորայքից:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։