Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ավելի քան 400 միլիոն դոլարի նավթով լցանավեր են կանգնած մնացել Եվրոպան եւ Ասիան կապող հիմնական տրանսպորտային ուղում՝ Սուեզի ջրանցքում՝ Ever Given բեռնարկղանավի ծանծաղուտում հայտնվելու հետեւանքով:
South China Morning Post պարբերականի տվյալներով՝ ջրանցքում կանգնած են մնացել 6,3 միլիոն բարել նավթ փոխադրող խոշոր բեռնատարողությամբ յոթ նավ: Մեկ բարելի դիմաց 64 դոլար գնի դեպքում այդ բեռի ընդհանուր արժեքը կազմում է 403 միլիոն դոլար:
Եթե հանգստյան օրերին ջրանցքի արգլափակումը չվերացվի, ջրանցքի հարավային հատվածում կկուտակվի 160 միլիոն դոլար ընդհանուր արժողության 2,5 միլիոն բարել նավթ փոխադրող երեք լցանավ: Հարկադիր կանգառի մեջ են ավիացիոն վառելիք եւ բենզին փոխադրող եւս 15 նավեր, որոնցից հինգն ուղեւորվում էր Ասիա:
Բացի դրանից, ջրանցքում կամ դրա մուտքի մոտ կանգնած են հեղուկացված բնական գազի բեռով հինգ նավ եւ եւս երկուսը՝ հեղուկացված նավթային գազով:
Project44 լոգիստական ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում են հայտնվել 380 հազար բեռնարկղ փոխադրող 34 բեռնարկղանավ, որոնցից 21-ը կանգնած է Ever Given-ից 100 կիլոմետր շառավղում, առաջիկա օրերին սպասում են մնացածների ժամանմանը: Տարածաշրջանում կուտակվել են մոտս հարյուր տարբեր տիպի նավեր:
Ըստ Reuters գործակալության՝ վթարի հետեւանքով նավթի փոխադրումներով զբաղվող լցանավերի ծառայությունների գինը միջազգային շուկայում կրկնապատկվել է։ Մի քանի տասնյակ նավեր վերջին պահին հրաժարվել են մուտք գործել ջրանցք եւ փոխել են երթուղին։
Սուեզի ջրանցքով է անցնում բեռնափոխադրումների համաշխարհային հոսքի 12 տոկոսը, այն նաեւ նավթի համաշխարհային լցանավային փոխադրումների առավել բեռնված ջրային մայրուղիներից մեկն է: