Ֆրանսիայի անվտանգության ուժերը տարհանել են Փարիզի Հանրապետության հրապարակում կյանքի արժանավայել պայմանների պահանջով բողոքի ակցիա իրականացնող եւ 300 վրան տեղադրած շուրջ 500 ներգաղթյալների:
Ըստ թուրքական «Anadolu» գործակալության՝ անօրինական միգրանտները «Համերաշխության գիշեր» անվամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ վրաններ տեղադրելով Փարիզի Հանրապետության հրապարակում՝ ի նշան Ֆրանսիայում իրենց բնակության վատ պայմանների դեմ անհամաձայնության: Ցույցի մասնակիցների թվում են հիմնականում Աֆղանստանից ներգաղթած մեծ թվով կանայք ու երեխաներ: Բողոքի ակցիային աջակցել են Ֆրանսիայի իրավապաշտպան կազմակերպությունները:
Բողոքի ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել ներգաղթյալների խնդրին: «Requisitions» կազմակերպության ղեկավար Ռեզա Ջաֆարին նշել է, որ Ֆրանսիայում ներգաղթյալները բառի բուն իմաստով գոյության կռիվ են տալիս՝ հավելելով, որ ներգաղթյալների հանդեպ ֆրանսիական ոստիկանության բռնությունները սպառնում են երկրի հեղինակությանը:
Ոչ կառավարական «Utopia 56» կազմակերպության ղեկավար Նիկոլայ Պոզները շեշտել է, որ ֆրանսիաայի կառավարությանը եւս մեկ անգամ խնդրում են այս մարդկանց ապահով վայր տեղափոխել: «Այս բոլոր մարդիկ օրենքին համահունչ նորմալ կացարանի իրավունք ունեն, ուստի կոչ ենք անում օրենքը պահպանել եւ մարդկանց կարգին կացարաններ տրամադրել»,- նշել է իրավապաշտպանը:
Փարիզում բողոքի նման ցույցեր տեղի ունեցան նաեւ նախորդ տարվա նոյեմբերին: Նույն հրապարակում տեղադրված վրանային ճամբարը ոստիկանները ցրեցին բռնի ուժով՝ ցնցելով ամբողջ Ֆրանսիան: Նշվում է, որ այս անգամ տարհանումը խաղաղ է անցել: Կեսգիշերին իշխանությունները սկսել են անտուն ներգաղթյալների տեղավորման գործընթացը՝ նրանց ավտոբուսներով տեղափոխելով անհետաձգելի օգնության ծառայություն: