Լույս է տեսել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության բանակում ծառայած վենեսուելացի զինվորական, գրող Ռաֆայել դե Նոգալեզ Մենդեսի «Չորս տարի մահիկի տակ» գրքի արաբերեն թարգմանությունը: Այս մասին «Ալիք մեդիա»-ն տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ գործող «Խաչիկ Պապիկյան» հրատարակչությունից, որն էլ հրատարակել է այն: Գիրքը բնագրից՝ իսպաներենից (1924 թ.), գերմաներեն ու անգլերեն է թարգմանվել 1925 եւ 1926 թվականներին, իսկ 2006-ին սիրիացի մի անհայտ թարգմանիչ ռուսերենից արաբերեն է թարգմանել:
Ինչպես տեղեկացանք, արաբերեն թարգմանությունը տպագրվել է սիրիահայ հետազոտող, դոկտոր Հուրի Ազեզյանի վերաքննումից հետո: 530 էջանոց գիրքն ունի 31 գլուխ, որոնցում Ռաֆայել դե Նոգալեզը ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության մասին իր՝ ականատեսի աչքերով, այլեւ անդրադառնում է հայերի կյանքին, նրանց ու թուրքերի եւ կայսրության մյուս ժողովուրդների հարաբերություններին եւ, ինչպես նշում են գրքին անդրադարձողները, հաճախ է քննադատում հայերին սխալ քաղաքականության համար: Թեև ժամանակին Ռաֆայել դե Նոգալեզ Մենդեսը համարվել է «օսմանյան բանակի վենեսուելացի վարձկան», այնուամենայնիվ, գիրքը վկայակոչվում է Հայոց ցեղասպանության մասին սկզբնաղբյուրների շարքում:
Գրողի եւ զինվորականի հարուստ կենսագրությամբ վենեսուելացի Ռաֆայել դե Նոգալեզ Մենդեսը (1879-1937) մասնակցել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին աշխարհում սկիզբ առած մի շարք հակամարտությունների. 1898 թվականին՝ իսպանա-ամերիկյան պատերազմին (կռվել է իսպանական ուժերի շարքում), 1904 թվականին՝ Վենեսուելայի ազատագրական հեղափոխությանը, 1904 թվականին՝ ռուս-ճապոնական պատերազմին։ 1908 թվականին վերադարձել է հայրենիք։ Երկրի նոր նախագահի հետ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառով արտաքսվել է Վենեսուելայից: Օսմանյան բանակում ծառայել է կամավորության սկզբունքով, ստացել է մայորի կոչում եւ նշանակվել Կովկասյան ճակատում։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Նոգալեզը գլխավորել է թուրքական ժանդարմերիան, սակայն ավելի ուշ թուրքական իշխանություններին խնդրել է իրեն ազատել առաջադրանքից, քանի որ թուրքերի կողմից հայերի հանդեպ կատարած գործողությունները համարել է «քրիստոնյաների չհիմնավորված կոտորածներ»: Զինվորականի իր կյանքի մասին նա գրել է նաեւ «Ճակատագրի զինվորի հուշերը» գրքում, մի շարք այլ գրքերի հեղինակ է: Իսպանացի գրականագետները նրան համեմատել են Լոուրենս Արաբիացու հետ:
Ի դեպ, «Չորս տարի մահիկի տակ» գիրքը 2008-ին լույս է տեսել նաեւ թուրքերենով՝ «Չորս տարի օսմանյան բանակում» վերնագրով: Գիրքն ունի նաեւ ռումիներեն թարգմանություն: Հայերեն դեռևս չի թարգմանվել:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։