Եվրամիությունը, ի դեմս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, պաշտոնապես իր աջակցություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի օրոք մարդու իրավունքների ոտնահարման փաստաթղթավորման՝ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրոպայի 17 երկրների մասնակցությամբ միջազգային նոր հարթակի՝ International Accountability Platform for Belarus նախաձեռնությանը:
Բորելը նշել է, որ վերջին նախագահական կեղծված ընտրությունների ժամանակներից Բելառուսի իշխանությունները բողոքի խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ թույլ են տվել մարդու իրավունքների անընդունելի խախտումներ, դրանց թվում՝ անմարդկային վերաբերմունք եւ սեռական բռնություն, վախի մթնոլորտի տարածում եւ այլն, իսկ Ազատության օրը՝ մարտի 25-ին եւս 200 մարդ են ձերբակալել, ինչը վկայում է, որ հալածանքների մասշտաբները չեն նվազել:
ԵՄ բարձր ներկայացուցիչն ասել է, որ այս շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին է ներկայացրել բանաձեւ, որը ենթադրում է ՄԱԿ-ի գերագույն կոմիսարին առընթեր ստեղծել մեխանիզմ այդ խախտումների մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:
Դեռ փետրվարին ԵՄ-ն 12 ամսով երկարացրել էր պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության եւ բիզնեսի 88 ներկայացուցիչների, դրանց թվում Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ հալածանքների ու ընտրություններում կեղծիքների համար պատասխանատու 7 ընկերության նկատմամբ: Բորելը խոստացել է, որ կպատրաստվի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:
Հիշեցնենք, որ International Accountability Platform for Belarus հարթակի գործունեությանն աջակցելու համար, Էստոնիան 30000 եվրո էր տրամադրել:
Հարթակի միջուկը կլինեն դանիական Dignity, բրիտանական Redress ոչ կառավարական կաղմակերպությունները եւ բելառուսական «Вясна» իրավապաշտպան կենտրոնը, ինչպես նաեւ Կտտանքների միջազգային հետաքննությունների կոմիտեի բելառուսական մասնաճյուղը: