Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) հայտնել է, որ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ, «ՃՇՀԱՀ» հիմնադրամի եւ ՓԲԸ-ի միջեւ մարտի 26-ին կնքվել է Համագործակցության հուշագիր:
Հուշագիրը վավերացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը եւ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։
Ըստ հուշագրի՝ երկաթգծի շինարարության եւ գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում կվերաբացվի «Երկաթգծի շինարարություն, գիծ եւ գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը: