Անկարայի եւ Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տեւած հարաբերական անդորրից հետո կրկին սրվել են:
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը մարտի 26-ին դատական հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի ներկայացուցիչների դեմ՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու համար»:
Դատախազությունը ամսագրի՝ Էրդողանի անձը նսեմացնող ծաղրանկարի հրապարակմանն առնչվող չորս ներկայացուցչի հանդեպ մեղադրանք է առաջադրել:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը France 5-ի եթերում հայտարարել էր, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին՝ շեշտելով, որ Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող եւ իշխանամերձ լրատվամիջոցներին կեղծ լուրեր են հրապարակում: Իբրեւ դրանց ամենավառ օրինակ, Ֆրանսիայի նախագահը մատնանշել էր «Շարլի Էբդո» երգիծական հանդեսում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած աղմուկը։
«Ասում էին, թե իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, եւ Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ»,- հայտարարել էր Մակրոնը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մարտի 23-ին դատապարտել էր Մակրոնի դիրքորոշումը՝ պնդելով, թե այն հակասում է երկու պետությունների միջեւ ձեւավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրք-ֆրանսիական ճգնաժամի եւ Ֆրանսիայի ու մահմեդական մի քանի երկրների միջեւ լարվածության մթնոլորտում «Շարլի Էբդո»-ն Էրդողանի դիմանկարով եւս մեկ ծաղրանկար հրապարակեց, որը արժանացավ Թուրքիայի կոշտ արձագանքին: