Դիսկուրսը, որ հայկական դիվանագիտությունը չկարողացավ կապիտալիզացնել ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը, նոր չէ: Նոյեմբերի 9/10-ից հետո այն որոշակի խմբագրման է ենթարկվել: Իբր երկրի ներքին պետական կյանքը կառուցվում էր «հաղթանակի, իսկ արտաքին քաղաքականությունը՝ դրանից հրաժարվելու վրա»: Ինչը, բխեցնում են այս տեսակետի քարոզիչները, հանգեցրեց դեգրադացիայի, որն էլ դարձավ պարտության պատճառ:
Ըստ երեւույթին, գործ ունենք Փաշինյանին արդարացնելու փորձի հետ: Մինչդեռ իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է: 1998 թվականի հունվար-փետրվարին նախագահ Տեր-Պետրոսյանին «վաստակած հանգստի» ուղարկողները խունվեյբիններ չէին, փողոցից եկած հրացանավոր մարդիկ չէին:
Նրանք Տեր-Պետրոսյանի հետ պատերազմ վարած եւ 1994-ի մայիսյան հրադադարը միասնաբար, կատարյալ համախոհությամբ կերտած, ծանրակշիռ վաստակ ունեցող, փորձառու պետական գործիչներ էին: Եւ գերազանց գիտեին, որ ստատուս-քվոն ինքնուրույն, սեփական ուժերով պահելու ռեսուրս Հայաստանը չունի, իսկ Օմարից Արաքս՝ Հայաստանի արեւելյան սահման ունենալու միջազգային աջակցություն չկա եւ չի լինելու:
Թե ինչու՞ նրանք գնացին իրականության դեմ՝ պատմա-քաղաքագիտական մանրազնին քննության թեմա է: Արձանագրենք միայն, որ Տեր-Պետրոսյանի հեռացումը չէր կարող արտաքին շահառու(ներ) չունենալ: Այն պարզ պատճառով, որ ԼՂ հարցի ցանկացած տարբերակով կարգավորում ամրապնդում էր Հայաստանի սուվերենությունը, մեր երկիրը դուրս բերում միջազգային հարաբերությունների «նախաբաղնիքից»: Մենք դառնում էինք առնվազն տարածաշրջանային դերակատար:
Այս ռեմարկն արվեց, որպեսզի չիրազեկվածների կամ գործընթացները շրջափոխողների համար պարզ լինի՝ հաղթանակի, եթե 1994-ի հրադադարը կարելի է այդպես անվանել, միջազգայնորեն կապիտալիզացման որեւէ լծակ, գործիքակազմ Հայաստանը չի ունեցել եւ չէր կարող ունենալ:
«Ղարաբաղը 3000 տարի եղել է հայկական եւ այդքան էլ պիտի մնա հայկական»,- ահա այդ նպատակն է, որ պետք է ամրագրվեր իրավա-պայմանագրային հիմքով, երաշխավորվեր միջազգայնորեն:
Ռոբերտ Քոչարյանը, նրան հաջորդած Սերժ Սարգսյանը, նույնիսկ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում շռնդալի հաղթանակ տոնած Վազգեն Սարգսյանը չէին կարող չիմանալ, որ հայկական դիվանագիտության ամենաբարձր նշաձողը դա է՝ պահել եւ միջազգայնորեն լեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնությունը:
Խնդիրն, այսպիսով, այն է, որ քաջ գիտակցելով, թե Ադրբեջանը, ունենալով միջազգային գլխավոր դերակատարների եւ տարածաշրջանի բոլոր երկրների աջակցությունը, երբեք կապիտուլյացիայի ակտ չի ստորագրի եւ ՄԱԿ-ի կողմից իրենը ճանաչված տարածքների հաշվին չի ընդունի ԼՂ անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը, նրանք քսան տարի ինչու՞ իրենց համոզմունքը չեն ներկայացրել ժողովրդին:
(Այս հարցում ԼՂ էլիտայի պատասխանատվությունը նույնպես քննարկման թեմա է, բայց այդ մասին՝ առաջիկայում):
Հարցադրման ամենատրամաբանական պատասխանը սա է. չեն ասել, որովհետեւ այդ դեպքում ժողովուրդը կհարցներ. «Իսկ ինչու՞ հեռացրիք Տեր-Պետրոսյանին»: Ազնիվ, պատասխանատու եւ ժողովրդի կողմից ընտրված իշխանության համար դժվար չէր լինի մեկ նախադասություն հնչեցնել. «Մեզ թվում էր՝ կարող էինք ավելին անել, բայց պարզվեց, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր»:
Հայաստանի կազուսն այստեղ է, որ քսան տարի պաշտոնավարելով՝ Տեր-Պետրոսյանին հեռացնողները բարոյական քաջություն եւ պարզ-մարդկային անկեղծություն չեն ունեցել ու չեն խոստովանել, որ ոչ 8000 քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂ անկախությունը միջազգայնացնելու, ոչ ԼՂԻՄ սահմաններով Արցախը Հայաստանին միավորելու դիվանագիտական հնարավորություն չկա: Որ մեր այդ ցանկությունը ոչ ոք չի պաշտպանում: Որ ստատուս-քվոն եթե բանակցություններով չփոխվի, փոխվելու է պատերազմով: Որ մենք մարդկային, ֆինանսական եւ այլ ռեսուրսներով մի քանի անգամ զիջում ենք Ադրբեջանին: Ի վերջո՝ որ թուրք-ադրբեջանական եւ ռուս-հայկական հարաբերությունների միջեւ հեռավոր նմանություն իսկ չկա:
Պատերազմի կամ ցավալի հանգուցալուծման հետաձգումը, դիվանագիտական մանիպուլյացիաներն ու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության քարոզչությունը պետական կյանքը հաղթանակի վրա կառուցել չէ: Ընդհակառակը, 1994-ի մայիսյան հրադադարով ձեռք բերված ռեսուրսների աննպատակ մսխում է, ներքաղաքական եւ առհասարակ հանրային կյանքի այլասերում:
Այնքան, որ ժողովրդի մի զգալի մասը, իսկ արցախահայությունը՝ գրեթե ամբողջությամբ, այն մտքին է, թե մինչեւ 2018-ի ապրիլյան բուֆոնադան Հայաստանն Ադրբեջանին եւ Թուրքիային «ծալած, գրպանը դրած ուներ»: Հաղթած եւ «ոսկի քաղաքի» երկիր էր, որտեղ կյանքն «ուրախ էր, ապրուստը՝ ձրի»: Ժողովուրդը հպարտ էր, աշխարհի հետ հարաբերվում էր գլուխը բարձր:
Դրա համար էլ «Սորոսն իշխանության բերեց դրածոներին, որպեսզի մեզնից խլի հաղթանակ, պատիվ, արժանապատվություն եւ ապագա»: Շանթ Հարությունյանի երազանքը՝ «սամթ լինի, իշխանությունը վերցնենք»՝ Վանո Սիրադեղյանն է որպես դեգրադացիայի վտանգ հնչեցրել: Քսան տարի հետո այդ «սամթն» իրողություն էր, որն էլ Փաշինյանն օգտագործեց:
Մնացածը «հաղթանակը կապիտալիզացնելու» տրամաբանության մեջ է: Այն տարբերությամբ, որ Փաշինյանի նախորդը քաղաքական մեծ փորձառություն եւ պետական գործչի պատասխանատվություն ուներ: Եւ գրեթե մոտեցել էր խոստովանությանը, որ «Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, մենք՝ սխալ»:
Որպեսզի դա չհնչեր, չձեւակերպվեր որպես պետական նպատակադրվածություն, պետք է ստեղծվեր նիկոլականություն (փանջունիականություն): Որովհետեւ ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորումը, անգամ եթե դա տեղի ունենար Լավրովի պլանով, Հայաստանի հաղթանակն էր լինելու:
Ու՞մ էր դա խանգարում…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։